Ավագ երեքշաբթի
Փետրվարի 28-ից մեկնարկել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ծաղկազարդի կիրակիով (այս տարի՝ ապրիլի 10) սկսվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։
Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):
Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11):
Ավետարանական Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:
Հարակից հրապարակումներ`
- Ավագ երկուշաբթի
- Ծաղկազարդը՝ ապրիլի 10-ին
- Հրապարակվել է Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը
- Վաղը Գալստյան կիրակին է
- Վաղը Դատավորի կիրակին է
- Մեծ պահք. Միջինք
- Վաղը Տնտեսի կիրակին է
- Վաղը Անառակի կիրակին է
- Աբեղան, սննդագետն ու սննդային վարքի խորհրդատուն գիտեն՝ ում չի կարելի Մեծ Պահքի սննդակարգը
- Սկսվում է Մեծ պահքի շրջանը
- Գարեգին Երկրորդ. Պատերազմի դառնությունները ճաշակած մեր ժողովրդի վիրավոր հոգուն սպեղանի է պահքը