Փաշինյան. Հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ
«1998 թվականի իրադարձությունների լեյտմոտիվն ի՞նչ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հարցը լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև Արցախի այն ժամանակվա իշխանություններն ասում էին՝ ոչ, չեն ընդունում դա, և հարցը պետք է ընդունվի փաթեթային տարբերակով: Եվ սա դարձավ լեյտմոտիվը», - Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իր սեղանին դրված որպես բանակցային թղթի վերնագիրն է եղել «О первом этапе и дальнейших шагах Нагорно Карабахского урегулирования». «Այսինքն, այն մարդը, ով ասել է, թե փուլային լուծումը պարտավողականություն է, 2018-ին բանակցային սեղանի վրա թողել է մի թուղթ, որի վերնագիրը դա է, այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, նորից հանգել է փուլային լուծման, բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան։ Հարց է՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրա հետ, թե՞ չէ: Ասում են՝ մենք Ղարաբաղի հարցը այսպես, այնպես կլուծեինք։ Ժողովուրդ ջան, լուծեիք: Մոռանում են, չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ»:
Խոսելով համանախագահների դերակատարման մասին՝ նա ասաց, թե իրենք վերցնում են կողմերի գաղափարներ, թե տարբեր կողմերն ինչ գաղափարներ ունեն, փորձում են դրանք հղկել և դնել թղթի մեջ. «Բոլոր գաղափարներն էլ կարող ենք ունենալ, բայց Ղարաբաղի հարցի ամբողջությունը 2018 թվականի դրությամբ այնքան է կտրտված եղել մանրամասների, այն փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր, այսինքն՝ 1998-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2016-ի, կամ 2018-ի հիպերփուլային տարբերակի»։
Ն.Փաշինյանն ասաց, թե համանախագահները 2016 թվականի հունվարին ներկայացնում են բանակցային փաթեթ, որի իմաստն այն է, որ ԼՂ-ն միջանկյալ կարգավիճակ չի ունենալու, հայկական կողմը, բնականաբար, մերժում է:
«Ներկայացնելուց երկու ամիս հետո տեղի է ունենում ապրիլյան պատերազմը, որից հետո հուլիսին ներկայացվում է երկրորդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ էլի Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոստոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ բանակցային թղթերին ավելանում է նոր կոմպոնենտ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ», - նշեց նա։
Այնուհետև նա հիշեցրեց 2017-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած միտքը, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը:
«Մեծ հավանականությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը հենց սա նկատի ուներ, այսինքն՝ ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից, այդ հարցն այլևս միջազգային հանրությունը պետք է լուծի, բայց միջազգային հանրությունն էլ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Ղարաբաղում 88-ի դրությամբ եղել են ադրբեջանցիներ, որոնք հեռացել են: Միջազգային հանրության ընկալմամբ, հնարավոր չէ այդ հարցը հասցեագրել առանց ԼՂ-ի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության և, ըստ էության, բանակցային փաթեթում այդ ամեն ինչը կա։ Մադրիդյան սկզբունքներում էլ դա կա», - նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչպե՞ս եղավ, որ 2019-ին թակարդն ընկան, նա ասաց. «Թակարդն ընկնելն էլ ի՞նչն է, որ մի բանակցային փաթեթ է հայտնվում, որով Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը հանձնվի Ադրբեջանին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ո՞նց եղավ, որ թակարդի մեջ ընկանք։ Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն անոնս է արել այս ամբիոնից։ Դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019-ի դրությամբ մենք բանակցություն սկսած էլ չենք եղել: 2019 թվականի դրությամբ, երբ այդ փաստաթուղթը մեր սեղանին դրվել է, մենք այդ պահին դեռ բովանդակային բանակցությունների, ընդհանրապես, մասին չենք խոսել։ Սա է ամբողջ ճշմարտությունը։
Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի: Այս նույն վիճակը, բոլոր հարցերով, բոլոր նրբություններով: Բաներ կան, որ ես հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Հենց հիմա ԱԺ-ում Արցախը հանձնվում է Ադրբեջանին
- Աշոտյան. Հողատուն այսօր կրկին կապել էր իր բայաթին
- Արտակ Զաքարյան. Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդը անտրամաբանական գործողություն է արել
- «Ռադ անել է պետք բոլորին անխտիր». Ինչպե՞ս են ֆեյսբուքում արձագանքում Փաշինյանի ելույթին
- Փաշինյան. Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը
- Հովիկ Աղազարյանի համարձակությունը հերիքեց Փաշինյանի մեկ մտքի հետ չհամաձայնվել
- Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը ձախողում էր նաև ՀԱՊԿ-ի համար. Նիկոլ Փաշինյան
- Զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը Ադրբեջանի հիմնական և առանցքային խնդիրներից է. Փաշինյան
- Եթե նախկինում հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, այժմ՝ անվտանգության երաշխիքներն ու իրավունքները. Փաշինյան
- Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել. Փաշինյան
- Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանը ԱԺ-ի բարձր ամբիոնից ինքնախոստովանություններ կանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան