Եթե նախկինում հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, այժմ՝ անվտանգության երաշխիքներն ու իրավունքները. Փաշինյան
«Հայաստանին փոխանցված Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, մենք օպերատիվ ձևով քննարկել ենք այդ առաջարկություններն ու արձանագրել, որ Հայաստանի համար դրանցում անընդունելի ոչինչ չկա»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա թվարկեց այդ սկզբունքները.
- փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում եւ հարգում,
- միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում եւ դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ,
- միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն,
- սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
- տրանսպորտային և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:
Փաշինյանը հիշեցրեց, որ դե յուրե Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին Անկախ պետությունների համագործակցություն ձևավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով և այդ ճանաչումն այսօր էլ ներպետական օրենսդրության մաս է։
«Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել, և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է։ Հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը։ Եվ հետևաբար, օրակարգի այս լրացումով, Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին և այս դիրքորոշումն արձանագրվել է Բրյուսելում վերջին հանդիպման ընթացքում։
Ի՞նչն է կարևոր արձանագրել այս իրավիճակում։ Մի շարք կարևոր նրբություն. եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը։ Այլ կերպ ասած մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ասաց Փաշինյանը։
Այս հարցում Հայաստանի վարած քաղաքականության մեջ առկա ևս մեկ նորամուծության մասին նշեց Փաշինյանը. «Ինչպես սահմանագծման դեպքում, ԼՂ կարգավիճակի հարցում էլ մեզ համար չափազանց կարևոր է հայաստանյան դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդումը ու այս առումով էական է այն դատական հայցի հանգուցալուծումը, որը Հայաստանը 2021 թ. սեպտեմբերի 16-ին ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան։ Հայցը հիմնված է ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա, և մենք հույս ունենք, որ հայցի հանգուցալուծումը, որը, ցավոք, շատ արագ չի լինի, էական գործոն կդառնա ԼՂ հայության իրավունքների պաշտպանության ոլորտում և կբարձրացնի ԼՂ կարգավիճակի մասին միջազգային հանրության ունեցած պատկերացումների նշաձողը։
Բայց այսօր էլ պետք է ընդգծենք, որ Ադրբեջանն իր գործողություններով ավելի ու ավելի հիմնավոր է դարձնում այդ երկրին՝ ազգային ատելության քաղաքականություն վարելու մեջ մեղադրող մեր հայցը»։
Հարակից հրապարակումներ`
- Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել. Փաշինյան
- Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանը ԱԺ-ի բարձր ամբիոնից ինքնախոստովանություններ կանի
- Խաղաղության գինը. Բաքուն հրապարակել է իր պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները