Արայիկ Հարությունյան. Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ
Ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Մարտակերտում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, և Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ։
Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների հավատարմությունը Արցախի Հանրապետության՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին և ընդգծել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին և գործունեությանը զուգահեռ՝ Կառավարությունը շարունակաբար աշխատելու է անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների և քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։
Նա անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին և նշել, որ արդեն աշխատանքներ են տարվում արևային էներգետիկայի զարգացումը, փոքր ՀԷԿ-երի, անտառային ու բնական այլ ռեսուրսների և հողատարածքների ռացիոնալ օգտագործումն ապահովելու ուղղությամբ։
Հանդիպումից հետո նախագահ Հարությունյանը Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, որտեղ մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի եկեղեցիներում հնչող միասնական աղոթքին։
Հարակից հրապարակումներ`
- Փարուխում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
- Մենք թևակոխում ենք ծանր նոր փուլ․ Արայիկ Հարությունյան
- Քարագլխի հատվածում մեր ՊԲ-ն ու կամավորականներն են, ադրբեջանական ուժեր, երեկվանից նաև խաղաղապահներ. Արայիկ Հարությունյան
- Խրամորթը և Քարագլուխ բարձունքը պաշտպանող կամավորականները
- Ավետիք Չալաբյան. Փարուխը կորցնելուց հետո, վաղը կարող ենք կորցնել Ասկերանը, հետո Ստեփանակերտը