Փաշինյանը բացահայտ ասում է՝ պետք է տալ, ստորագրել, ամեն ինչ մինչև ինձ արդեն ծախված է եղել, ես ի՞նչ մեղք ունեմ. Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն արձագանքել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Հիմնադիր, պատուհաս, ազգակործանը, որի անունը Լևոն Տեր-Պետրոսյան է, ոչ մի տեղ չի կորել, սա իր ռևանշն է: Այսօր Հայաստանի բոլոր հիմնական ոլորտները վերահսկում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Իմ կարծիքով՝ Փաշինյանին վերլուծելն անիմաստ է, որովհետև նա բացահայտորեն գործում է հայկական շահերի, պետականությունների դեմ:
Մենք արդեն տեսնում ենք, որ նա շտապում է և ինձ թվում է, որ մինչև ապրիլի 19-ը նախատեսվող հանդիպումը, ինքը փորձելու է մի բան շատ արագ անել: Կոպիտ ասած՝ փորձում է Ռուսաստանին դեմ տալ ինչ-որ պատրաստի մի բան: Ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ և այնպիսի տպավորություն է, որ իրեն ասել են՝ արագացրո՛ւ, ինքն էլ արագացնում է: Այսօր առավոտյան Փաշինյանը բացահայտ այնպիսի բաներ է ասում, որ ուրիշ ժամանակ կխուսափեր, կամ ուրիշ տերմինալոգիայով կասեր: Բացահայտ ասում է՝ պետք է տալ, ստորագրել, ամեն ինչ մինչև ինձ արդեն ծախված է եղել, ես ի՞նչ մեղք ունեմ, տալիս եմ խաղաղության համար:
Մարդը քայլող մանիպուլյատոր է: Ի հակադրություն այն համոզմունքի, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, սա ասում է՝ երբեք Հայաստանն այսքան գումար չի ուղարկել Արցախ: Ուզում եմ ասել՝ տղա ջան, որ Արցախի 75%-ը հանձնել ես, միլիարդավոր դոլարների կորուստներ ենք ունեցել, դրա արդյունքում Հայաստանում առաջացել է պարենային անվտանգության խնդիր, քանի որ Արցախում արտադրվում էր մեծ քանակությամբ հացահատիկ, որ կորցրել ենք ՀԷԿ-երը, տարածքները, փախստականները և այդ ամենի դիմաց ասում ես՝ 300 մլն դոլար Արցախին ենք տվել:
Ավելին ասեմ, շատ հավանական է, որ հայտնի գործարքի պարագայում Հայաստանն ասել է, որ մեզ ժամանակ առ ժամանակ պետք է գումար տրամադրես, որ մենք կարողանանք այս փախստականների հարցերը լուծենք: Այդ 5 միլիարդի խոսկցությունն օդից չի եկել և օդ չի գնացել: 5 միլիարդը շոշափվել է Լուկաշենկո-Սերժ Սարգսյան խոսակցության ժամանակ: Նույն Վանեցյանի ասած այդ առաջարկը գնացել է և հիմա շատ հնարավոր է այդ 5 միլիարդի մեջ 1 միլիարդը որպես անվտագության բարձիկ է մտցվել, երաշխավորություն, որ Արցախի բնակչությունը կամ տեղահանվածները չեն դժգոհի, դրա համար իրենց գումար է տրվում:
Սա գիտե՞ք ինչ է հիշեցնում՝ երբ մեկը 3 սենյականոց տան 2 սենյակը խլում է, տան տերերին գցում է մեկ սենյակի մեջ և ամիսը 50 դոլար տալիս են ապրելու համար՝ ասելով, թե նախկինները իրենց փող չէին տալիս, իսկ ինքը տալիս են»,-ասաց մեդիափորձագետը:
Երկրորդ ճակատը պետք է բացվի այս տարածաշրջանում, քանի դեռ այստեղի բոլոր երկրների ղեկավարները պրոռուսական չեն
Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Արցախյան զարգացումները ներկայացնելով՝ Տիգրան Քոչարյանն ասաց. «Կա ռուս-ուկրաինական և Արևմուտք-Ռուսաստան մեծ բախում: Արևմուտքը ման է գալիս մի վայր, որտեղ պետք է բացվի երկրորդ ճակատ և կարծես թե եկել են այն եզրակացության, որ այն պետք է բացվի այս տարածաշրջանում, քանի դեռ այստեղի բոլոր երկրների ղեկավարները, մեղմ ասած, պրոռուսական չեն, որոշ դեպքերում՝ հակառուսական են և օգտվելով նրանից, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դեռևս շարունակվում է այս պրոցեսը: Փորձում են այսպիսի բաներով խարխլել նաև ՌԴ հենասյուներն այս տարածաշրջանում, իսկ ՌԴ-ն ունի մեծ խնդիր՝ երբ նա մի հարցով է զբաղվում, չի կարողանում մյուս հարցերով պատշաճ զբաղվել: Դրա համար էլ ՌԴ-ն բազմապիսի խնդիրների առաջ է կանգնում, ինչպիսին մենք տեսանք նույն Փառուխի, Քարագլխի պարագայում, երբ Ռուսաստանն ուղղակի չի հասցնում ժամանակին արձագանքել այն ամենին, ինչ իր շուրջը կատարվում է»:
Մենք կարծես Տիտանիկի վրայի նվագախումբը լինենք
Բանախոսը վերլուծեց նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին Արցախ մուտք գործելու արգելքի դեպքը:
«Երբեք Փաշինյանը և ՀՀ ԱԳՆ-ն չէին մտահոգվել մեր ընդդիմությունով: Երեկ, երբ ընդդիմությունն ասաց, որ գնում է Սյունիք, Արցախ՝ հետևից ինչ հայհոյանք, անեծք կար ուղարկեցին, թե սխալ են անում, պրովոկացիայի են գնում, բայց, ի վերջո, երեկ ՀՀ ԱԳՆ-ն է նախատում ռուսական խաղաղապահ ուժերին, այսօր Փաշինյանն է մեղադրում, որ չեն թողել պատգամավորներին ներս մտնել Արցախ: Այսինքն՝ միանգամից մոռացան, թե երեկ ինչ անեծքներով էին ընդդիմությանը ճանապարհ դնում՝ ԱԺ ամբիոնից Արցախի դրոշ պոկելով ու հեռացնելով: Հիմա ասուն են՝ ռուս, դու ես մեղավոր: Ցուցակները ուղարկում են Ալիևին, պասերով և արգելում են պատգամավորների մուտքը: Ռուս խաղաղապահներն էլ ասել են՝ շառից փորձանքից հեռու՝ մի մտեք: Փաշինյանը ասում է՝ ո՞նց մեր պատգամավորներին չեք թողնում, այն դեպքում, որ միշտ անիծում են նրանց, օրը մեջ գումարներ բաժանում ֆեյսբուքյան էջերով վերջին անեծքները տեղալու համար, Վահագն Ալեքսանյան են դեմ տալիս:
Մենք, կարծես, Տիտանիկի վրայի նվագախումբը լինենք: Մարդիկ ամեն ինչով զբաղվում են, բացի բուն հարցի լուծումից: Հայաստանը վերջացած է, ոչ թե Հայկը պարտվում է Բելին, այլ Հայկին ծախում են Բելին: Այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը չհասցրեց անել, ինչի համար իրեն բերել էին, բայց արցախյան և ռազմական էլիտան այն ժամանակ կանխեց նախատեսած հանձնումը, հիմա են անում: Այսօր արցախյան էլիտայի հարցերը լուծեցին, ռազմական էլիտայի հարցը լուծեցին, հանգիստ ծախում են: Պլանավորվածը՝ քայլ առ քայլ՝ ունենալով այսպիսի նշանակված մարդ Հայաստանում, որն ամեն ինչի պատրաստ է: Շատ լավ իմանալով Նիկոլ Փաշինյանի փսիխոտիպը՝ թե իրեն ինչ է պետք և դրա տակ ինչ կարելի է սղացել, խելոք անում են: Շատ գեղեցիկ նրան կառավարում են և ընթանում է այն, ինչ իրենց պետք է:
Ե՞րբ այս թմբիրի տակ են բոլորը, հասկանալի չէ, թե համաձա՞յն են, որ դառնանաք Էրմինիստան, որ մենք այլևս ոչ մի բան չենք որոշելու, որ Արցախն այսուհետ գտնվելու է մեր երազներում և հիշողություններում: Համաձա՞յն ենք այս ամենի հետ, որ մեր հայակակակնությունը թողել՝ զբաղվում ենք օրվա դարդերով, որոնք գնալով ավելանալու են»,-հայտարարեց Տիգրան Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ռադ անել է պետք բոլորին անխտիր». Ինչպե՞ս են ֆեյսբուքում արձագանքում Փաշինյանի ելույթին
- Փաշինյան. Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը
- Զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը Ադրբեջանի հիմնական և առանցքային խնդիրներից է. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան