Արթուր Գալոյանը կխաղա ազգային հավաքականում
Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ինչը նրան թույլ կտա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
Այս օրերին 22-ամյա ֆուտբոլիստը Երևանում է: Գալոյանը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ:
«Շատ դրական տպավորություններ ունեմ: Առաջին անգամ եմ Հայաստանում: Ինձ շատ լավ ընդունեցին: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես պատրաստ եմ նույն խանդավառությամբ աշխատել, որպեսզի ամռանը, եթե մարզիչն ինձ հրավիրի, միանամ հավաքականին:
Դիտել եմ հավաքականի հանդիպումներն աշնանը, ինչպես նաև վերջին ընկերական հանդիպումները: Խաղադաշտում հանդիպել եմ Էդուարդ Սպերցյանին, ինչպես նաև Արտյոմ Ավանեսյանին, ում ճանաչում եմ դեռ դպրոցից: Մյուս տղաների հետ անձամբ ծանոթ չեմ:
Ինձ ամենալավը զգում եմ կենտրոնում, բայց կախված մարզչի առաջադրանքից՝ կարող եմ խաղալ ինչպես ձախից, այնպես էլ աջից, կամ նույնիսկ երկրորդ հարձակվողի դիրքում:
Առայժմ ամաչում եմ շատ խոսել հայերեն, որովհետև կարող է ինչ-որ բաներ խառնեմ: Կարծում եմ՝ ընթացքում կսովորեմ հայերեն և երկրպագուներին կդիմեմ հայերենով: Ես կաշխատեմ, որպեսզի արդարացնեմ մարզչական շտաբի և ֆեդերացիայի վստահությունը»:
Արթուր Գալոյանը ծնվել է 1999 թվականի հունիսի 25-ին՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Ֆուտբոլային ուղին սկսել է ռուսական «Տորպեդոյի» դպրոցում։ Հենց «Տորպեդոյում» էլ կայացել է Արթուրի նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
Գալոյանը 2020 թվականին է «Տորպեդոյից» տեղափոխվել է Ռուսաստանի ՖԱԼ-ը ներկայացնող «Վելես» ակումբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին