Հակոբ Հովհաննիսյանը որսացել է ճիշտ պահն ու «Դալիի բեղերը» մրցույթում հաղթել
16-ամյա հայ պատանի լուսանկարիչ Հակոբ Հովհաննիսյանը հաղթել է Dali’s Mustache՝ «Դալիի բեղերը» միջազգային մրցույթում, արժանացել է դիպլոմի։
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի 1-ին կուրսի ուսանող Հակոբը Panorama.am-ի հետ զրույցում ասում է, որ մրցույթը տեղի է ունեցել առցանց ձևաչափով. «Մրցույթի մասին պատահաբար եմ իմացել համացանցից։ Երբ իմացա, որոշեցի մասնակցել մրցույթին։ Այդ ժամանակ իմ կատարած վերջին աշխատանքը թռչնի լուսանկարներն էր, որն էլ ներկայացրեցի մրցույթին»։
Լուսանկարն արել է իրենց բակում, աղավնուն պատահաբար տեսել է ու որոշել լուսանկարել։
Lուսանկարիչը կարծում է, որ իր աշխատանքում՝ հենց այդ պահը որսալն է գրավել ժյուրիի անդամների ուշադրությունն ու բարձր միավորների արժանացել։
Կիրառական և դեկորատիվ արվեստի, դիզայնի և լուսանկարչության միջազգային առցանց մրցույթին մասնակցել է 60 երկրից լուսանկարիչներ 7 տարիքային խմբերում։ Հակոբը հավաքել է հնարավոր 100-ից 91 միավոր և առաջին տեղը գրավել։
«Չէի սպասում, որ կարող եմ հաղթել միջազգային մրցույթում։ Հաղթանակն ինձ ավելի ոգևորեց։ Գնահատվեց իմ աշխատանքը, հասկացա, որ պետք է ավելի շատ աշխատել ու ավելի լավ, գրագետ աշխատանքներ ստանալ»,- նշում է լուսանկարիչը։
Հակոբն ասում է՝ առանց լուսանկարչության չի կարող. «Լուսանկարչությունն ինձ համար և հոբբի է, և աշխատանք։ Ինձ գրավում է գեղեցիկ պահերն անմահացնելը, ֆիքսելը ու հետո դրանք ներկայացնելը։ Սիրում եմ լուսանկարներ անել դրսում, հիմնականում բնության երևույթներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան