Սուրբ Զատիկ. Ժողովրդական մի քանի սխալներ
Տեր Վրթանես Բաղալյանը ֆեյսբուքյան էջում Տեր Ադամ քահանա Մակարյանի «Քրիստոնեության իսկությունը» գրքից մի հատված է հրապարակել՝ ներկայացնելով Սուրբ Հարության տոնի հետ կապված ժողովրդական մի քանի սխալներ.
«Մեր ժողովրդի մի մասի մոտ որոշ սխալ սովորույթներ կան. եթե տանը մինչև Սուրբ Զատիկ ընտանիքի անդամներից մեկը մահացած է լինում, ապա տանեցիները ձու չեն ներկում և փլավի մեջ չամիչ չեն գցում։ Սա անտեղյակ տրամաբանության արդյունք է, ըստ որի` կարմիրը տոնական գույն է, և սգի մեջ եղող մարդիկ չպետք է ուրախանան։ Սակայն սա հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն չէ, քանի որ Զատկի ձուն Հարության, կյանքի հավերժության խորհրդանշան է, հետևաբար, պիտի ներկվի հենց ա՛յդ ընտանիքներում` իբրև հոգևոր մխիթարություն, ի նշան կորցրած հարազատի հոգու անմահության և Երկնքի Արքայության համար հարություն առնելու։ Իսկ զատկական փլավի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությունը, չամչի հատիկները` առաքյալներին, ովքեր Քրիստոսի Ավետարանի քարոզությամբ քաղցրություն բերեցին մարդկային կյանքում։
Սուրբ Զատկի տոնի հետ կապված նաև այլ նախապաշարումներ կան մեր ժողովրդի կենցաղում` օճառով ձեռքերը չեն լվանում, կար չեն անում և այլն։ Սակայն Եկեղեցին երբեք այսպիսի հրահանգներ չի տվել հավատացյալներին, և սրանք ևս համարվում են անտեղյակությունից ծագած ժողովրդական անիմաստ սնոտիապաշտություններ։
Այսպիսի անտեղյակության հետևանք են նաև ժողովրդի կողմից սխալ կերպով գործածվող փոքր և մեծ զատիկ արտահայտությունները։ Զատիկ բառը գործածվում է միայն Սուրբ Հարության տոնի համար, իսկ հունվարի 6-ը ոչ թե Հարության տոնին` Զատիկին նախորդող փոքր զատիկն է, այլ Տիրոջ Ծննդյան տոնը:
Պետք է նշել, որ գերեզմաններ գնալու օրը մեռելոցի օրն է և ոչ թե դրան նախորդող եկեղեցական մեծ տոնի օրը, անկախ նրանից, թե մարդը երբ է մահացել։ Մեռելոցի օրերը հիմնականում լինում են երկուշաբթի օրերը, բացի Սուրբ Ծննդյան մեռելոցից, որը հունվարի 7-ին է անկախ շաբաթվա օրից: Մեռելոցների նախորդ կիրակի օրը տերունական ցնծալի տոն է տոնվում, և տոնի օրը սխալ է գերեզման գնալը։ Մեզանից ոչ ոք չի թողնի իր սիրելի հարազատի հարսանիքը` նույնպես սիրելի, սակայն մահացած բարեկամի գերեզմանը գնալու համար։ Եվ եթե այսպես ենք վարվում մեր մարմնավոր հարազատների պարագային, ուրեմն որքան առավել ևս չպետք է Տիրոջը նվիրված ուրախությունն ու ցնծությունը թողնելով` գնանք գերեզմաններ։
Զատկական ձու
Ավագ Շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը: Այդ երեկո սեղաններին արդեն լինում են բրնձով և չամիչով փլավ, ձուկ, ներկած ձու, գինի: Այս օրը զատկական ձվերը տարբեր գույնի են ներկում: Դա ցույց է տալիս ուրախ տրամադրությունը, ինչպես նաև գեղեցկության համար է: Սակայն հիմնականում զատկական ձուն պետք է կարմիր գույնի լինի: Ձու ներկելու խորհուրդը շատ լավ է բացատրում Սուրբ Գրիգոր Տաթևացին: Ձվի դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը խորհրդանշում է օդը, իսկ կեղևը` երկինքը: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, և կարմիր ներկված ձուն ցույց է տալիս, որ ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ»։
Հիշեցնենք, որ այս տարի Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 17-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ավագ հինգշաբթի
- Ավագ չորեքշաբթի
- Ավագ երեքշաբթի
- Ավագ երկուշաբթի
- Ծաղկազարդը՝ ապրիլի 10-ին
- Մեծ պահք. Միջինք
- Աբեղան, սննդագետն ու սննդային վարքի խորհրդատուն գիտեն՝ ում չի կարելի Մեծ Պահքի սննդակարգը
- Սկսվում է Մեծ պահքի շրջանը
- Գարեգին Երկրորդ. Պատերազմի դառնությունները ճաշակած մեր ժողովրդի վիրավոր հոգուն սպեղանի է պահքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան