Քաղաքական ճարտասանությունների և աճպարարությունների փոխարեն հստակ պատասխանեք․ արցախցի պատգամավոր
«Տպավորություն է, որ Արցախի ժողովրդին նստեցրել են դատապարտյալի աթոռին ու առանց փաստաբանի մեղադրանքներ են առաջադրում ու փորձում դատավճիռ կայացնել։ Մեղադրյալին անգամ թույլ չեն տալիս իր խոսքն ասել, իսկ մեղսագրվող արարքն այն է, որ ժողովուրդն ուզում է ապրել իր հայրենիքում»,- այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստի ելույթի ժամանակ ասաց «ԱԺԿ» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը։
Նա ընդգծեց, որ երեկ և այսօր ՀՀ Խորհրդարանում հնչած հայտարարությունները բառի բուն իմաստով ահաբեկության մեջ են գցել Արցախի ժողովրդին։
«Երբեմն բացահայտ, երբեմն էլ՝ տողատակերում առկա իրողություններն ուղղակիորեն խոցում են պատերազմի, տեղահանության, մարդկային ու անմարդկային զրկանքների միջով անցած մեր հանրությանը։ Երկու հայկական հանրապետությունների տարբեր կառույցների, այդ թվում՝ նաև խորհրդարանների միջև համագործակցության բացակայությունն էլ մեզ՝ Արցախի խորհրդարանականներիս զրկել է հնարավորությունից ՝տեղեկանալու կատարվող զարգացումներից և ազդելու գործողությունների վրա»,- ընգդծեց նա։
Պատգամավորն օգտագործեց իրեն ընձեռված ելույթի հնարավորությունն ու հրապարակային հարց ուղղեց ՀՀ իշխանություններին՝ վարչապետի գլխավորությամբ․
«Քաղաքական ճարտասանությունների և աճպարարությունների փոխարեն հստակ պատասխանեք, ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում։ Արդյոք դա նշանակում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, արդյոք այսպես կոչված «խաղաղության օրակարգը» Արցախը Ադրբեջանին բռնակցել է նշանակում։ Անորոշության մեջ 120 հազար արցախցի սպասում են այս հարցի պատասխանին»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԺ նախագահ
- Կա «կարմիր գիծ», որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու․ Բաբայան