Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա Արցախ մուտքի ու ելքի ամրագրված համաձայնեցման որևէ կարգ․ Վահե Հակոբյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը PARA TV-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ՀՀ ԱԺ պատգամավորներին Արցախ մուտքն արգելելու վերաբերյալ հայտարարությանը, ասել է․
«Եթե լրատվամիջոցները ճիշտ են փոխանցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պատասխանը, ապա դժվար եմ պատկերացնում, որ տիկին Զախարովային էլ հիշեցնելու կարիք կա, բայց հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա Արցախ մուտքի ու ելքի ամրագրված համաձայնեցման որևէ կարգ` խաղաղապահ առաքելության հետ, ընդհակառակը` շատ հստակ արտացոլված է, որ պիտի լինի անխոչընդոտ տեղաշարժի երկկողմանի ապահովում: Հետևաբար, հղում անել նոյեմբերի 9-ի հայտարարությանը և դրա մեջ դնել համաձայնեցման-չհամաձայնեցման կոմպոնենտ, առնվազն տրամաբանական չէ:
Եթե կա այլ համաձայնություն, որի մասին մեր հանրությունը տեղյակ չէ և, օրինակ, մեր իշխանությունը մեր մեջքի հետևում ունեցել է հերթական համաձայնությունը, ուրեմն թող տիկին Զախարովան ճիշտ հղում տա: Եթե չկա այդպիսին, իր տված հղումով հարցը չի փակվում:
Եվ, վերջապես, քանի դեռ անդրադարձ կա նոյեմբերի 9-ի հայտարարությանը և քանի որ դա այդչափ կարևորվում է, հիշեցնեմ, որ այդ հայտարարությամբ ունեցած հանձնառությունները Ադրբեջանի կողմից կատարված չեն` գերիների և պահվող անձանց լիակատար վերադարձը կատարված չէ, կողմերը կանգնած չեն այն դիրքերում, որում պիտի կանգնած լինեին ըստ այդ հայտարարության, և դա վերաբերում է կոնկրետ Ադրբեջանին, որն ունեցել է առաջխաղացում ֆիքսված վիճակից: Ավելին, նա ունեցել է առաջխաղացում ընդամենը վերջերս, բոլորին հայտնի Փառուխի հետ կապված հատվածում:
Հետևաբար, եթե հղում ենք անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ապա պիտի հղումը լինի ճիշտ և կոռեկտ ու իրոք արտացոլի խնդիրները, և հետո` պիտի չլինի ընտրովի, այսինքն` պիտի ապահովվեն բոլոր դրույթները, ինչի չապահովման օրինակները ես արդեն բերեցի»:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորների այցն Արցախ համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ. Զախարովա
- Խաղաղապահներն ասել են՝ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների համատեղ որոշմամբ է պատգամավորների ցուցակը կազմվել, Արեգնազ Մանուկյան
- Բացահայտվեց այս իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների ևս մեկ հանցավոր ստվերային համաձայնություն․ Գեղամ Մանուկյան
- Մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան