Վահե Հովհաննիսյան. Կայուն խաղաղության ճանապարհը
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
1. Վարչապետը երեկ ազդարարեց Հայաստանի պատմության նոր էջի մասին։ Հին կյանքն արդեն չկա. սա պետք է հասկանան բոլորը։ Նոյեմբերի 9-ից հետո ապրիլը 13-ը դառնում է նոր պատմական տարեթիվ։
2. Այդ ելույթից հետո Նիկոլը չի կարող ղեկավարել պետությունը։ Գտնվելով հոգեբանական ահռելի ինքնաճնշման տակ՝ նա թույլ է տվել ձևակերպումներ, որոնցից հետո անհնար է պետության ղեկին մնալը։ Կարծում եմ՝ ինքն էլ դա գիտակցում։ Այժմ պետք է գտնել սահուն, խաղաղ ելքեր։ Հակառակ դեպքում կունենանք պետության հրաժարականը։
3. ՔՊ խմբակցությունը ծափահարել է ելույթին, մասնավորապես՝ հետևյալ ձևակերպմանը. «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը. իհարկե, առանց զոհերի»։ Ծափահարողները, հետևաբար, կիսում են պատասխանատվությունը։ Այս և այլ ձևակերպումներին ծափահարողները կորցրել են իշխող քաղաքական ուժ լինելու բարոյական լեգիտիմությունը։ Հետևաբար՝ նոր ԱԺ-ի կամ նոր մեծամասնության խնդիրը օրակարգային առաջնահերթություն է։ Այս ԱԺ-ն չի կարող շարունակել իր ընդունած օրենքներով կարգավորել պետության կենսագործունեությունը։Այս Աժ-ն չի կարող նախիկինի պես գործել։
4. Կա տպավորություն, որ իշխանությունը պատրաստ է վտանգավոր քայլերի՝ նոր ներհայկական պառակտման և բարիկադավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների արկածախնդրային սրման և այլն։ Դատելով նախօրոք պատրաստած մի քանի հարցից և ելույթից՝ իշխանությունը Հայաստանում կարող է սկսել հակաղարաբաղյան և հակաղարաբաղցիական արշավ։ Նման տպավորություն համենայնդեպս կա։ Տա Աստված, որ ես սխալվեմ, հակառակ դեպքում դա լինելու է անհավանական ողբերգություն։ Վստահ եմ, ՔՊ-ի պատգամավորներից շատերը չեն ընկալել այս տենդենցը, բայց կարող են առանց գիտակցելու տրվել թիմակից մի քանի վերջացած սրիկաների ազդեցությանը։ Պետք է հստակ զգուշացնել, որ սա Նիկոլին ծափ տալը չէ, որ մի պահից մոռացվի-գնա, սա ծանր հանցագործություն է՝ ողջ երկրի ու ողջ ժողովրդի դեմ, որի մեջ երբեք և ոչ մի պայմաններում չի կարելի մտնել։
5. Երկրում պետք է փոխվի ընդդիմադիր գործունեության ձևաչափը, որոշումների կայացման մեխանիզմը, որովհետև երեկվանից փոխվել է իրավիճակը։ Նիկոլին անիծելը քաղաքականություն կամ պետական գործունեություն չէ։
6. Ելույթին արձագանքի առանձին ուղղություն էր մինչև 2018 թվականի բանակցային բարվոք պատկերը ներկայացնելը, բայց դրանով հիմա որևէ խնդիր չի լուծվում։ Դա արդեն պատմություն է։ Պատմություն են նաև արդեն Կազանը, Քի Վեսթը, Լավրովի պլանը, Տեր Պետրոսյանի հայտնի հոդվածը. դրանց հիշատակումներով այլևս ոչինչ չի փոխվում և փրկվում։ Մեր խնդիրը հիմա ապագա´ն փրկելն է, և ոչ՝ անցյալը։
7. Պետք է լինել խիստ պրագմատիկ և ընդունել, որ Նիկոլի պաշտոնանկությունը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումների առատություն։ Ռիսկերը չափազանց մեծ են, և մեծ հաշվով մենք լավ սցենարներ չունենք։ Առավելագույնը, որ կարող ենք ստանալ, վատագույնից խուսափելն է։ Բայց դրա համար համազգային կոնսոլիդացիա է պետք, սոլիդ իշխանություն, և ահռելի գրագետ ջանքեր։
8. Պետք է արագ փոխել նարատիվը. այսօր մատուցվող նարատիվն այն է, թե իբր իշխանությունը գնում է կայունացման ճանապարհով, իսկ ընդդիմությունը՝ էսկալացիայի։ Սա իրականության հետ կապ չունեցող և սխալ պատկերացում է, բայց սա նաև ընդդիմադիր ձևաչափերի ամենամեծ տապալումն է՝ այն, որ հնարավոր է եղել հասարակության մեջ նման մոլորության ամրակալումը։
9. Ստեղծված պայմաններում պետական մտածողությունը տալիս է մեկ ճիշտ տարբերակ՝ գնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման, հանդարտացման, և զուգահեռ՝ ինքնապաշտպանվելու պոտենցիալի մեծացման, անվտանգության նոր մեխանիզմների ձևավորման ուղղությամբ։ Սա է միակ իրատեսական տարբերակը։ Պետք է գնալ Թուրքիայի հետ պրագմատիկ երկխոսություն՝ հարաբերությունների աստիճանական կարգավորման միտումով, պետք է ունենալ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերականգնում՝ երկարաժամկետ խաղաղության միտումով։ Պետք է գնալ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր բովանդակության, ստրատեգիական ծրագրերի հաստատման ուղղությամբ, Իրանի, Վրաստանի հետ նոր օրակարգի և հեռանկարային ծրագրերի իրականացման ճանապարհով։ ԵՄ, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ նոր որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում՝ համագործակցության լայն օրակարգով։ Պարզ ասած՝ մեզ պետք է ժամանակ՝ մինչև կկայունանա միջազգային դրությունը, մինչև հայ ժողովուրդը դուրս կգա նվաստացած և հյուծված հոգեվիճակից, մինչև կվերականգնվի մեր պաշտպանական համակարգը, մինչև տարածաշրջանում մի բան կփոխվի։ Սա անհամեմատ ավելի բարդ խնդիր է, քան՝ «անհապաղ» զիջումների գնալը, բայց սա է միակ ճիշտ լուծումը։ Եվ սա պետք է լինի Նիկոլի ելույթին այլըտրանք քաղաքական միտքը։
10. Իշխանությունը գնում է «խաղաղություն՝ խոշոր զիջումներով» տարբերակով։ Սա բերելու է խոշոր պետական փլուզումների, լուրջ աղետի։ Հայաստանը վերածվելու է թույլ, մշտական քաոսի մեջ ապրող, անկայուն մի կիսապետության։ Ո՞րն է սրա այլընտրանքը։ Ընդդիմադիր կամ ոչիշխանական համակարգի առաջարկած այլընտրանքը պետք է լինի «Կայուն խաղաղություն՝ ազգային շահերի պաշտպանությամբ» գաղափարը, որը գրեթե նույն է, թե «Արժանապատիվ խաղաղությունը»։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ, բայց միակ տարբերակն է՝ պետությունը պահելու համար։
11. Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական հոսանքի, որը հանդես կգա նոր ասելիքով, նոր բանաձևերով, ու կներկայացնի հետպատերազմյան Հայաստանի այլ տեսլական, վերականգնման ծրագիր։
12. Հետաքրքիր գաղափար է համայկական վեհաժողովը՝ հայ ժողովրդի ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակի քննարկման և համահայկական նոր օրակարգի մշակման համար։
13. Չափազանց կարևոր է Արցախի համար հումանիտար խոշոր ծրագրի մշակումը։ Պայմանական ասած՝ «Խաղաղ Արցախ» անվանումով ծրագիրը, որը կունենա զգալի հոգեբանական, նյութական և հեռանկարային նշանակություն Արցախի բնակչության համար, և որը խիստ կարևոր է՝ ընկալելի կլինի միջազգային հանրության համար և կստանա աջակցություն»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար
- Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ
- Այս ընդդիմությունը այս ձևաչափով չունի կոնսոլիդացնող ռեսուրս. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Ինչ զարգացումների սպասել
- Վահե Հովհաննիսյան. Դե-մարազմատիզացիա
- Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Հանրային վերնախավի անելիքը «խաղաղության դարաշրջանում»
- Վահե Հովհաննիսյան. Ընդդիմության արձագանքը «խաղաղության և պատերազմի» վտանգին
- Վահե Հովհաննիսյան. Խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Հայկական օրակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան