ՀՌՀ նախագահը Հայաստանում մամուլի դեմ դատական հայցերի թվի ավելացումը խոսքի ազատության դրական ցուցիչ է համարում
«Մեր ուսումնասիրությունները, հարցումները, մեդիամասնագետների կարծիքները վկայում են նրա մասին, որ իշխանությունները հավատարիմ են մնացել իրենց պարտավորություններին՝ լինել խոսքի, մամուլի ազատության երաշխավորը և առաջին անգամ միջազգային կառույցներն արձանագրել են, որ ՀՌՀ-ն բավականին ազատ է եղել պետության և կառավարության միջամտությունից»,- խորհրդարանին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ 2021թ-ին 2018-ի համեմատ, ըստ մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի՝ 17 կետով բարելավվել է ՀՀ-ի դիրքերը՝ 180 պետությունների շարքում զբաղեցնելով 60-րդ տեղը:
Բանախոսը սակայն փաստեց, որ 2021թ-ին 2020թ-ի համեմատ Հայաստանը 2 կետով զիջել է իր դիրքերը և «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը» փաստը բացատրել է նրանով, որ լրագրողների նկատմամբ դատական գործերի ավելացում է եղել:
Չհամաձայնելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատականի հետ՝ ՀՌՀ նախագահը կարծիք հայտնեց, որ այդ դատական հայցերի ավելացումը խոսում է հակառակի մասին, այն ևս վկայում է, որ պետություն-հեռարձակող հարաբերությունները սահուն տեղափոխվում են իրավական դաշտ, որը նշանակում է՝ գործում են իրավական կարգավորումները, այլ ոչ թե սպառնալիքները, արտաիրավական ճնշումները, խոստումները, ֆինանսավարումներն և այլն:
Դրա համատեքստում նա նաև դրական գնահատեց, որ 2020-2021թթ-ին ՀՌՀ-ի նկատմամբ ավելի շատ դատական հայցեր են գրանցվել, քան հանձնաժողովի ողջ գոյության ընթացքում:
Տիգրան Հակոբյանն իր ելույթի ժամանակ ներկայացրեց հանձնաժողովի պատրաստած 2021թ. ծավալուն տեղեկանքը և այն համեմատեց 2018 թվականի զեկույցի հետ, որը 10 էջանոց է եղել:
Նա հայտարարեց, որ մինչև հեղափոխությունը ԱԺ-ին ՀՌՀ հաղորդումներ ներկայացնելը ձևական բնույթ ունեին և դրանց վերաբերյալ քննարկումներ էլ չէին ծավալվում:
Հակոբյանը նաև հայտնեց, որ 2021 թվականին անցկացվել է լիցենզավորման 12 մրցույթ:
«Առաջին անգան ՀՌՀ-ն սպասարկել է ԱԺ արտահերթ ընտրությունները և համայնքներում ՏԻՄ ընտրությունները՝ նաև Վանաձորում և Գյումրիում: 2021 թվականին մենք վարել ենք ավելի շատ վարչական վարույթներ, քան նախորդ 9 տարիներին միասին վերցրած, ունեցել ենք ավելի շատ դատական նիստեր, քան հանձնաժողովի պատմության ամբողջ ժամանակահատվածում և մշտադիտարկել ենք ավելի շատ հեռարձակող տնտեսվարող սուբյեկտներ, քան հանձաժողովի ողջ պատմության ընթացքում»,- հայտնեց ՀՌՀ նախագահը:
Ըստ Տիգրան Հակոբյանի՝ միջազգային կառույցների և մեդիամասնագետների արձագանքներն այն են եղել, որ այդ ծավալների դեպքում հանձնաժողովը կատարել է բավականին օբյեկտիվ աշխատանք և ՀՌՀ-ին ուղղված քննադատության մեծ ալիքի չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՌՀ նախագահ. Փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց
- ԱԺ հանձնաժողովը մերժեց ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրված Անժելա Նալբանդյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան