Արման Աբովյան. Մեր պետության և ժողովրդի անվտանգությունը հետաքրքրում է միայն մեզ
«Երեկ ես տեսա մի պատկեր, երբ մարդիկ հրաժարվեցին մատաղացու դառնալ այսպես կոչված խաղաղության գործընթացում»,-Արցախի խորհրդարանում երեկ հնչած հայտարարությունների մասին ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը, որը մասնակցում է «Հայկական օրակարգ. Ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս ու հեռանկար» թեմայով քննարկմանը։
Աբովյանի խոսքով, անկախ Հայաստանի իշխանությունների հնչեցրած հայտարարություններից, Արցախի գրեթե բոլոր օղակներում կա կոնսենսուս. պետք լինի կռվելու են, դիմելու են բոլոր հնարավոր ու անհնար քայլերի, որ ՀՀ իշխանությունների կողմից գծած նախագիծը չիրականանա։
«Արցախցին ունի համոզմունք, որ նահանջի տեղ չկա։ Սա գոյաբանական խնդիր է։ Կարգավիճակի նշաձողի իջեցման մասին. բոլորը գիտակցում են, որ դա ինքնասպանություն է, ասում են՝ մենք ինքնասպանության չենք գնալու, մեր երեխեքին թուրքի բերանը չենք տալու»,-ասաց Աբովյանը։
Նախկին պատգամավորի խոսքով, Հայաստանի իշխանւթյունների հայտարարություններն էլ ավելի մոտեցրեցին պատերազմի վտանգը։
«Ի՞նչ պետք է անել։ Պետք է նախ հասկանալ, եթե Հայաստանի քաղաքացին չպայքարի Հայաստանի, Արցախի ապագայի, իր երեխաների անվտանգության համար, ապա ոչ ոք իր տեղը չի պայքարելու։ Ստիպված եմ կրկին անգամ կրկնել այն, ինչի մասին այսօր հայտարարում են, ազգային, պետական ինքնասպանություն է։ Մենք պետք է հասկանանք, որ մեր բախտը մեր ձեռքում է։ Մեր պետության և ժողովրդի անվտանգությունը հետաքրքրում է միայն մեզ։ Հավատացնում եմ։ Գծվող նոր աշխարհքաղաքական իրողություններում այն ազգերը, որոնք պատրաստ են պայքարել իրենց ապրելու իրավունքի, ժողովրդի անվտանգության, տարածքային ամբողջականության համար, կմնան, իսկ այն ազգերը, որոնք պատրաստ չեն պայքարելու, դատապարտված են ոչնչացման, և դա բնավ չափազանցված չէ»,-ասաց բանախոսը։