Տեսականորեն կամ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, կամ պետությունը. Վահե Հովհաննիսյան
«Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանում նոր վիճակ է ստեղծել և բոլորիցս պահանջվում է որքան հնարավոր է շուտ դառնալ ադեկվատ այդ իրավիճակին»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտնեց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը և պնդեց, որ նման ելույթից հետո նա չի կարող պաշտոնավարել՝ վստահություն հայտնելով, որ չի էլ պաշտոնավարելու:
Նկատելով, որ աշխարհի ցանկացած պետություն, որի ղեկավարը նման հրեշավոր ձևակերպումներ է անում, չի կարող պաշտոնավարել, քանի որ այն հակաբնական է՝ բանախոսն ասաց. «Տեսականորեն կամ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, կամ պետությունը և ես վստահ եմ, որ դա ինքն է անելու»:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ԱԺ իշխանական թևը Փաշինյանին ծափահարում էր, հետևաբար՝ ստորագրում են ելույթի տակ, և կարծիք հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնությունը նույնպես կորցրել է բարոյական լեգիտիմությունը, ուստի նույնպես չի կարող շարունակել պաշտոնավարել և ընդունել օրենքներ, որոնք կարգավորում են ՀՀ քաղաքացու խաղաղ կյանքը:
Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունն իրականում ծափահարել է գործող ԱԺ-ի աշխատանքների ավարտին, ինչը նշանակում է, որ կա՛մ նոր մեծամասնություն է ձևավորվելու, կա՛մ լուծարվելու է:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ Փաշինյանի հեռացումը մեխանիկորեն չի ենթադրում հայանպաստ լավ սցենարների իրականացում, և կարծիք հայտնեց, որ լավ սցենարներ չեն լինի, հիմնական խնդիրը վատագույնից խուսափելն է, իսկ դրա համար պետք է էմոցիաներով չառաջնորդվել, քանի որ հարցին ոչ սթափ մոտեցումը կարող է Երևանը վերածել Մարիուպլի:
«Նիկոլին և նրա խմբին հաջողվել է հասարակության մեջ սերմանել մի միտք, ըստ որի՝ իրենք խաղաղությունն են, իսկ այն, ինչ իրենց դեմ է, պատերազմ է: Այս նարատիվը պետք է փոխել: Այս նարատիվի գոյությունը քաղաքական ուժերի խոշոր տապալումն է: Տիտղոսակիր քաղաքական ուժերը չկարողացան նոյեմբերի 9-ից հետո փոխել այս միտքը:
Պատկերացնո՞ւմ եք՝ մի ուժ, որը եկել և բերել է պատերազմ, որը չպետք է լիներ բոլոր տրամաբանական նորմերով, հանգեցրել է ահավոր մեծ թվով զոհերի, ընդունում է, որ զոհերի է տարել, հասցրել է պարտության, հիմա ասում է՝ ես խաղաղության կրողն եմ: Սա հրեշավոր անհեթեթություն է, այն բոլորիս մեղքն է և առաջին հերթին՝ քաղաքական ուժերի»,- հայտարարեց քաղաքագետը և հավելեց.
«Պետք է տարածել այն նարատիվը, որ Նիկոլը չի գնում խաղաղության զիջումների գնով, նա Հայաստանին տանում է դեպի պատերազմ, իսկ նրա հեռացումն արժանապատիվ խաղաղության, կամ խաղաղությամբ ազգային շահերը պահելն է»:
Հովհաննիսյանի խոսքով՝ հասարակությանը պետք է հասցվի, որ նոր եկող ուժերը գալիս են երկրում խաղաղություն բերելու համար, ցանկացած այլ նպատակով խոստումները Հայաստանը հասցնելու են քաոսային վիճակի:
Ըստ նրա՝ եկող ուժերը պետք է հայտարարեն, որ խաղաղության պետք է հասնեն բանակցությունների միջոցով, նաև՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Քաղաքագետը համոզված է, որ հասարակությանը պետք է ցույց տալ Փաշինյանի հեռացման հաջորդ քայլը, առանց որի հնրարավոր չէ հասարակությանը դուրս հանել պայքարի:
«Հետպատերազմյան Հայաստանում պետք է ներկայացվեր ընդդիմության այդ տեսլականը, այն չեն արել և այսօր Նիկոլ Փաշինյանը նման ելույթով է հանդես գալիս»,- ասաց Վահե Հովհաննիսյանը և հավելեց, որ ընդդիմությունն ամեն ինչ արել է՝ ցույց, ստորագրահավաք, բայց չի ասել, թե որն է Նիկոլի այլընտրանքը, և այն է իրավիճակի բանալին:
Անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի ելույթին՝ բանախոսն ասաց. «Աստված ոչ անի, եթե Նիկոլի ելույթներն իրականություն դառնան, քանի որ Հայաստանն այդ դեպքում դառնալու է հակառուսական մի հարթակ»:
Նա համոզված է, որ Հայաստանում տարվող հակառուսական և խաղաղապահների դեմ քարոզը պատահական չէ, այլ պլանավորված և ուղղորդված քաղաքականություն է:
Քաղաքագետը որպես իրավիճակի այս փուլի լուծում առաջարկեց «Խաղաղ Արցախ» հումանիտար ծրագիր իրականացումը՝ նաև միջազգային կառույցների մասնակցությամբ, որն արցախցիների մոտ ապագայի հանդեպ վստահությունը պետք է բարձրացնի:
«Այն լինելու է խաղաղ կյանքի ֆինանսավորման ձևաչափով, և այն պետք է արվի, քանի դեռ Ռուսաստանը ուժեղ է և Ադրբեջանը չի գնա խաղաղապահների դեմ արկածախնդրության»,-եզրափակեց Վահե Հովկհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան