Կայացավ «Սոմա. Կրակե օղակ» օպերային ներկայացման պրեմիերան
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ապրիլի 14-ին տեղի ունեցավ Ա.Տերտերյանի «Սոմա.Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան:
«Կրակե օղակը» Ավետ Տերտերյանի առաջին փորձն է և առաջին անգամ բեմադրվել է 1967 թվականին. այս տարի լրանում է ստեղծագործության 55-ամյակը: Վերջին անգամ բեմադրվել է 45 տարի առաջ՝ 1977 թ.,Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ: Օպերայի հիմքում Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմներն են:
«Օպերա՝ խաղաղության, բարության, հաղթանակի և սիրո մասին. ահա այսպիսի սյուժե է պարունակում ներկայացման լիբրետոն: Այս օպերան յուրահատուկ է, այն պատմում է մարդու ներաշխարհի, սիրո մեծ էներգիայի մասին»,- ավելի վաղ Panorama.am-ին այսպես էին մեկնաբանել բեմադրությունը Օպերայի և բալետի թատրոնից՝ հավելելով, որ օպերայի ծնունդից անցել է կես դար, սակայն, Ավետ Տերտերյանի ճշմարտությունն անընդհատ հաստատվում է, և սա այն բանի ապացույց է, որ Ավետ Տերտերյանը մեր արվեստի հանճարն է։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բեմադրությանը մասնակցում էին շուրջ 100 արտիստ, մեծ նվագախումբ: Առաջին անգամ փորձ է արվել օգտագործելու օպերային թատրոնի տեխնիկական հնարավորություններն օպերային արվեստն իբրև թատրոն ներկայացնելու տեսանկյունից: Օպերային ներկայացումը յուրօրինակ փորձ էր հանդիսատեսին ցույց տալու՝ ինչպես են մտածել հանճարեղ գրող Եղիշե Չարենցը և տիեզերական երաժիշտ Ավետ Տերտերյանը:
Նշենք, որ ներկայացման մեջ հնչող երգերն անգլերեն թարգմանությամբ ներկայացվում էին էկրանի վրա։
Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը: Մենակատարներն էին՝ Սոմա՝ Սիլվա Պետրոսյան, Արեգ՝ Ֆերդինանդ Մուրադյան, Ագնի (ձայն ի վերուստ) Հովհաննես Անդրեասյան։ Ներկայացման մեջ հանդես եկավ նաև թատրոնի երիտասարդական երգչախումբը։
Պրեմիերային ներկա հանդիսատեսը բավականին տպավորված դուրս եկավ համերգասրահից։ Նրանց քննարկումներից հասկանալի էր, որ բեմադրությունը, ընդհանուր առմամբ, ստացված է, թեև «ոչ մասնագետ աչքերը» որոշակի թերություններ նկատել էին, ինչն էլ, համոզված էին, հաջորդ ներկայացումների դեպքում շտկված կլինեն. «Առաջինն էր, միշտ էլ մի բան լինում է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին