Վրաստանը հրապարակել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հարցաշարը
Վրաստանի կառավարությունն ուրբաթ օրը հրապարակել է Եվրամիության կողմից ուղարկված հարցաթերթիկը, որը հանրապետությանը հնարավորություն կտա քննարկում սկսելու ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների մեկնարկի շուրջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը պարունակում է հանրապետության սահմանադրական համակարգին, իշխանության թևերի տարանջատման սկզբունքին և իրավունքի գերակայությանը վերաբերող հարցեր։
Վրաստանի կառավարության կայքում անգլերեն հրապարակված փաստաթղթում ԵՄ-ն հարցնում է, թե որքանով են հավասարակշռված գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները։ Եվրամիությունը հետաքրքրված է նաև Սահմանադրական դատարանի աշխատանքով, դատավորների նշանակման սկզբունքներով և անկախության մակարդակով։
Առանձին բաժիններ նվիրված են խորհրդարանի, կառավարության և ընդհանուր առմամբ դատական համակարգի աշխատանքի կազմակերպման սկզբունքներին։
Կառավարությունը պետք է պատասխանի նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են կրթության, սեփականության իրավունքները, տղամարդկանց և կանանց իրավահավասարությունը, երեխաների իրավունքները։ Հարցաշարը վերաբերում է նաև այլատյացության և ռասիզմի դեմ պայքարին, անձնական տվյալների պաշտպանությանը։ Առանձին գլուխ նվիրված է տնտեսական խնդիրներին։ Մասնավորապես, ինչպիսի՞ն է երկրի մակրոտնտեսական կայունությունը, ֆինանսական հատվածի վիճակը, բիզնես միջավայրը, պետության ազդեցությունն արտադրական շուկայում։
ԵՄ-ն հարցաշարը Վրաստանին է փոխանցել երկուշաբթի օրը։ Փաստաթուղթը պարունակում է 369 հարց։ Վրաստանի իշխանությունները հույս ունեն պատասխաններն ուղարկել արդեն մայիսին։
Վրացական ընդդիմությունը բազմիցս հանդես է եկել հարցաթերթիկը հրապարակելու նախաձեռնությամբ, որպեսզի հանրապետության բնակիչներին պարզ լինի, թե կառավարությունը ինչ պատասխաններ է նախատեսում պատրաստել։ Սակայն իշխանությունները հավաստիացրել էին, որ փաստաթուղթը հանձնվել է գաղտնիության հիմունքներով։ Այդ նպատակով ընդդիմադիր պատգամավորների ութ անդամներից բաղկացած խումբը նամակ էր ուղարկել Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարգելիին՝ խնդրելով թույլատրել հրապարակել հարցաթերթիկը։ Ուրբաթ օրը արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին ասել էր, որ իշխանությունները շուտով կհրապարակեն փաստաթուղթը, ինչն էլ արել են։
ԵՄ Խորհրդին Եվրահանձնաժողովի երաշխավորումը՝ համայնքին անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսելու առաջին պաշտոնական քայլն է: Այնուհետև երկիրը եվրոպացի բանակցողների հետ մի շարք պայմանների կամ «բանակցային գլուխների» շուրջ պետք է համաձայնության գա, որոնք պետք է կատարվեն:
Բանակցային գործընթացը կարող է տևել մի քանի տարուց մինչև անորոշ երկար ժամանակ: Օրինակ, Ֆինլանդիան անցել է ամենաարագ ճանապարհը՝ երեք տարում, ամենաերկարը՝ Թուրքիան է, որը ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսել է 2005 թվականի աշնանը, ներկայումս դրանց ավարտի հեռանկարը տեսանելի չէ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան