Կիվիրյան. Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու իրեն տեսնում է ոչ ռուսական ճամբարում
«Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, չի կարելի դիտարկել աշխարհում ընթացող վերադասավորումներից անկախ»,-ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, որը մասնակցում էր «Հայկական օրակարգ. ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս ու հեռանկար» թեմայով քննարկմանը։
Նրա խոսքով, 15 տարի առաջ մեկնարկած դանդաղ գործընթացներն այսօր ակտիվացել են, աշխարհը կանգնած է նոր բաժանման առաջ։
«Նոր բաժանումից է կախված այս տարածաշրջանի ճակատագիրը։ Ուկրաինայում ընթացող գործընթացները բոլոր առումներով անդրադառնում են և դեռ անդրադառնալու են այս տարածաշրջանի, Հայաստանի ու Արցախի վրա։ Համաշխարհային ճգնաժամին զուգահեռ մենք, ցավոք սրտի, ունեցանք հայկական պետականության ճգնաժամ։ Հակառակ դեպքում դիմագրավումն ավելի հեշտ կլիներ, իսկ հիմա մենք անպաշտպան ենք ցանկացած մարտահրավերի նկատմամբ։ Հիմա Արցախի հայության ճակատագիրը որոշվում է ոչ Երևանում, դա կորոշեն գերտերությունները հավանաբար այն աշխարհում, որը կձևավորվի այս հակամարտությունների հետևանքով»,-ասաց Կիվիրյանը։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով, մինչև չհաղթահարվի ներքին ճգնաժամը, Հայաստանը չի կարող վերածվել սուբյեկտի, հակառակ դեպքում այսօրվա Արցախի, Սյունիքի հարցերին գումարվելու են Տավուշի, Արարատի հարցերը։
«Քանի դեռ մենք չենք դադարեցրել այս անկումը, չենք կանգնել մի կետի վրա, չենք հաղթահարել պետականության ճգնաժամը, այս խնդիրները գնալով ավելի են խորանալու, իսկ մենք աշխարհում լինելու ենք մանրադրամի դերում»,-ասաց նա։
Կիվիրյանը համարում է, որ ներքին պետականության ճգնաժամի մեղավորը Հայաստանի ոչ կոմպոտենտ իշխանությունն է։
«Քանի մենք ունենք նման իշխանություն, անհնար է պետականության ճգնաժամը որևէ կերպ հաղթահարել։ Հայության թիվ մեկ խնդիրը պետք է լինի այս իշխանությունից ձերբազատվելը, ապա երկրում սթափ, ադեկվատ, իրավիճակին տիրապետող, կոմպոտենտ, զարգացման ծրագիր ունեցող իշխանություն, քաղաքական գործիչները պետք է ունակ լինեն ազգին ցույց տալ ապագան»,-ասաց Կիվիրյանը։
Աշխարհում տեղի ունեցող գործընթացների ավարտից հետ, ըստ Կիվիրյանի կանխատեսումների, միաբևեռ աշխարհը կդադարի գոյություն ունենալ, 6-7 պետություններ իրենց տարածաշրջաններում կլինեն որոշողներ։
«Ես չեմ բացառում, որ նոր հակամարտություններ կլինեն, կամ էլ արդեն եղածներին կներգրավվեն այլ պետություններին։ Տեղի է ունենում ճամբարների ձևավորում, հավանաբար Նիկոլ Փաշինյանը տեսնում է իրեն ու Հայաստանը ոչ ռուսական ճամբարում։ Եթե նայենք նրա վերջին գորղությունները, կտեսնենք բազմաթիվ ապացույցներ այդ մասին փաստող»,-ասաց բանախոսն ու հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում մեղադրանքներ կան հասցեագրված ռուս խաղաղապահներին, ՀԱՊԿ-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի