Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոնի բացմանը նվիրված միջոցառում, և Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։
Բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով․
«Այսօր մեզ համար իրապես պատվավոր օր է, քանի որ ԵՊՀ-ում է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ում պատվին անվանակոչված է Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը: Մենք միշտ ընդգծել ենք գիտնականի դերի կարևորությունը, և այսօր էլ, ի դեմս Յուրի Հովհաննիսյանի, ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ գիտնականը հասարակության էլիտան է»:
ԵՊՀ ռեկտորը, անդրադառնալով կոչում շնորհելու որոշմանը, ասել է. «Երբ նախաձեռնեցինք ԵՊՀ-ում միացյալ գիտահետազոտական կենտրոն բացելու գործընթացը և տեղեկացանք, որ Յուրի Հովհաննիսյանը գալու է Հայաստան, իմ կողմից ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին առաջարկ եղավ Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու վերաբերյալ, ինչին ԳԽ անդամները միաձայն կողմ արտահայտվեցին»:
Պատվավոր պրոֆեսորի կոչում ստանալուց հետո Յուրի Հովհաննիսյանն անդրադարձել է Մենդելեևի աղյուսակում իր ղեկավարությամբ հայտնաբերված 112-118 տարրերի անվանակոչմանը՝ նշելով, որ 118-րդ տարրը սկզբնապես ցանկացել է անվանակոչել «Armenia», սակայն հնարավոր չի եղել, քանի որ Ar քիմիկան տարրն արդեն կար աղյուսակում:
Մնացյալ ներկաները նույնպես շնորհավորեցին արդեն իսկ ԵՊՀ պատվավոր պրոֆեսորին:
Հանդիսավոր արարողության ավարտին ԵՊՀ-ի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի և Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև եռակողմ համաձայնագիր է կնքվել ՝ համաձայն որի ԵՊՀ-ում բացվելու է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան