Ավագ ուրբաթ
Փետրվարի 28-ից մեկնարկել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ծաղկազարդի կիրակիով (այս տարի՝ ապրիլի 10) սկսվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։
Ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:
Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Զատիկ. Ժողովրդական մի քանի սխալներ
- Ավագ հինգշաբթի
- Ավագ չորեքշաբթի
- Ավագ երեքշաբթի
- Ավագ երկուշաբթի
- Ծաղկազարդը՝ ապրիլի 10-ին
- Մեծ պահք. Միջինք
- Աբեղան, սննդագետն ու սննդային վարքի խորհրդատուն գիտեն՝ ում չի կարելի Մեծ Պահքի սննդակարգը
- Սկսվում է Մեծ պահքի շրջանը
- Գարեգին Երկրորդ. Պատերազմի դառնությունները ճաշակած մեր ժողովրդի վիրավոր հոգուն սպեղանի է պահքը