«Գարուն ա․․․» ֆիլմը կներկայացվի Ֆրեզնոյում, Սիեթլում, Բոստոնում, Լաս Վեգասում
«Գարուն ա․․․» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավն ԱՄՆ-ում։ Ապրիլի 22-ից ֆիլմը կներկայացվի Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի Maya Cinema կինոթատրոնում: Այնուհետև, ֆիլմը կներկայացվի Սիեթլում, Բոստոնում, Լաս Վեգասում և այլ քաղաքներում։
«Վերջերս ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Directors Guild of America (Ամերիկայի ռեժիսորների գիլդիա) դահլիճում՝ արժանանալով ոչ միայն հայերի, այլև արտերկրի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Բացի այդ, ապրիլի 8-ից սկսած ֆիլմը ներկայացվում է Գլենդելի Laemmle կինոթատրոնների ցանցում։ Ուրախ ենք, որ ֆիլմի հաղթարշավն օտար ափերում շարունակվում է, և մարդիկ ծանոթանում են մեր երկրին ու պատմությանը «Գարուն ա․․․»-ի միջոցով»,-նշում են ֆիլմի հեղինակները:
«Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։
Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Ալեքսանդր Խաչատրյանը, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։
Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։ Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։
Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։