Թադևոս Ավետիսյան. Պետությունը պետք է պարզի, ուր են գնացել կենսաթոշակային գումարները, ապա կանխի խնդիրը
Կուտակային կենսաթոշակի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ պետք է պետությունը վերահսկողություն իրականացնի, հասկանա տեղի ունեցածի պատճառները։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով քաղաքացիների ահազանգերին։
Նա նշում է, իր համար խնդիրը սպասելի չէր։
Հիշեցնենք, հայաստանցիները հայտնաբերել են ու ահազանգել, որ երկրորդ եռամսյակն անընդմեջ իրենց կուտակային կենսաթոշակի գումարները նվազում են։ Որոշ դեպքերում պակասած գումարը գերազանցում է հարյուր հազար դրամը։
Ավետիսյանը բացատրում է, որ ընտրված հիմնադրամները կուտակած գումարներով իրականացնում են որոշակի ֆինանսական գործառնություններ՝ դրանք դնելով տարբեր արժեթղթերում, պարտատոմսերում։
«Մասնակիցները՝ քաղաքացիներն ընտրելե ն բարձր, միջին, ցածր ռիսկային հիմնադրամներ։ Ինձ համար հատկապես զարմանալի է, որ ցածր ռիսկային փաթեթն ընտրած մասնակիցների մոտ գումարը փոխարեն գոնե մնա նույնը, նվազում է։ Իսկ դա նշանակում է, որ կենսաթոշակի գումարները ներդվում են այնպիսի արժեթղթերում, պարտատոմսերում, որ աճելու փոխարեն, նվազում են»,-ասաց Ավետիսյանը։
Տնտեսագետն ասում է՝ գումարների նվազումը հասկանալի կլիներ այն մասնակիցների պարագայում, որոնք ընտրել են բարձր ռիսկ ունեցող հիմնադրամը, մինչդեռ ցածր ռիսկային փաթեթ ընտրածների դեպքում խնդիրը մտահոգիչ է։
«Եթե մարդն ընտրել է ցածր ռիսկային փաթեթը, նշանակում է, ցանկանում է, որ իր գումարները չնվազեն։ Թող քիչ աճեն, չաճեն, բայց նաև չնվազեն»,-մանրամասնում է պատգամավորը։
Նրա խոսքով, խնդրի կարգավորման հարցով պետք է զբաղվի պետությունը՝ Կենտրոնական բանկը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու այլ գերատեսչություններ։
«Պետք է վերլուծեն, հասկանան, եթե կարիք կա մեխանիզմների փոփոխության, կատարեն այդ փոփոխությունները, եթե կարիք կա վերահսկողության լրացուցիչ մեխանիզմների, ինտենսիվության բարձրացման, ապա գնան դրան։ Սա 1-2 մարդու խնդիր չէ, կենսաթոշակայյին ողջ համակարգին է վերաբերում։ Սա կարմիր լույս է»,-ասաց նա։
Ավետիսյանը համարում է, որ պետական մարմինները պետք է իրականացնեն խորքային ուսումնասիրություն, վեր հանեն պատճառներն ու առաջարկեն լուծումներ։
«Այդ գումարները պետական բյուջե չեն գնացել։ Եթե նվազել են, ապա նշանակում է, որ գումարները ներդրվել են այնպիսի ֆինանսական ակտիվներում, որոնք ունեցել են ոչ թե եկամուտ, այլ կորուստ։ Սակայն այս պարագայում պետության խնդիրը միանշանակ է, պետք է իրականացնի պատշաճ վերահսկողություն։ Պետությունը պետք է հասկանա, որոնք են պատճառները, եթե նույնիսկ դրանք օբյեկտիվ են, պետք է ձեռնամուխ լինի օրենսդրական փոփոխություններով, պրակտիկ մեխանիզմներով խնդիրը կանխելուն»,-նշեց տնտեսագետը։