Քաղաքացիական ակցիաները փորձում են օրենքի ուժով դարձնել անիմաստ․ Իրավապաշտպան
Քաղաքացիական հասարակությունը սկսել է իրականացնել ֆլեշմոբ, որով կոչ է անում մարդկանց տարբեր հարթակներում հանդես գալ և դեմ արտահայտվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց նախագծին:
Նրանք, որոնք դեմ են նախագծին, «Միացի՛ր, Ասա՛ ՈՉ «Ընդերքի մասին» հակասահմանադրական օրինագծին» գրությամբ լուսանկարներ են տեղադրում համացանցում։ Նախաձեռնությունը գնալով նոր թափ է հավաքում, սակայն թե որքանով այն կարժանանա իշխանության ուշադրությանը, դժվար է ասել։ Մինչ ֆլեշմոբն էլ ՔՀԿ ներկայացուցիչները կոչ էին անում հետ կանչել հակասահմանադրական նախագիծը, որը չի բխում ազդակիր համայնքների բնակիչների շահերից և որով ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները։ Սակայն այս հարցում, ինչպես շատ այլ հարցերում ևս, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները «խուլ ու համր» գտնվեցին։
«ՔՀԿ հայտարարություններին և մտահոգոթյուններին թե′ Կառավարությունը, թե′ ԱԺ-ն անհաղորդ մնացին։ Դա խոսում է այն մասին, որ մենք ժողովրդավարական առումով հետընթաց ենք ապրում։ Ակնհայտ է, որ տվյալ հարցի մասով կա քաղաքական որոշում՝ ամեն գնով օրենքն անցկացնել և չլսել ՔՀԿ-ների և հասարակության ձայնը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։
Նա անբավար գնահատեց ՏԿԵ նախարարության կողմից ձեռնարկած միջոցառումները, որն էլ հեղինակել է այս փոփոխությունների նախագիծը։
«Մենք առաջարկել էինք հետ կանչել օրենքի նախագիծը, ձևավորել աշխատանքային խումբ՝ ՏԿԵ ներկայացուցիչների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներից կազմված, վերանայել նախագիծը, որպեսզի կոնսենսուսային տարբերակ գտնվի։ Նախարարությունից պատասխանել են, որ կքննարկեն առաջարկները, սակայն հենց հաջորդ օրը նախագիծը դրվեց ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկման։ Այսինքն ՝ ՔՀԿ առաջարկները չընդունվեցին»,- ասաց իրավապշտպանը։
Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ այդ թվում պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որն ըստ էության խոնչընդոտ է համարվելու ընդերքօգտագործողի համար։
«Քաղաքացիական զանգվածային անհնազանդություններ» հասկացության տակ կարող են ներառվել նաև բողոքի ակցիաները, որոնց անցկացման արգելքը, Դուլգարյանի բնորոշմամբ, հակասահմանադրական է։
«Քաղաքացիական ակցիաները համարվելու են ֆորսմաժոր և դիտարկվելու են «քաղաքացիական անհնազանդություն» անվան տակ։ Իսկ թե ինչպես են քաղաքացիական անհնազանդությունները «վերացնելու», դա ևս պարզ չէ։ Հստակ կետ կար՝ եթե լինի անհնազանդություն, ապա ընդերքօգտագործողը պետք է դիմի լիազոր մարմնին, որն էլ պետք է փորձի այդ խնդիրը լուծել։ Այսինքն՝ օրենքով «քաղաքացիական ակցիաները» դառնում են «քաղաքացիական անհնազանդություն», որը վերացվելու է օրենքի ուժով»,- պարզաբանեց իրավապաշտպանը։
Դուլգարյանը նաև պատահական չի համարում այն, որ օրենքի նախագիծն ունի չորս տարվա հետադարձ ուժ։ Այս համատեքստում նա ընդգծեց, որ Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող քաղաքացիների գործողությունը կարող է դիտվել որպես քաղաքացիական անհնազանդություն։
«Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող քաղաքացիները, չընդունելով ՇՄԱԳ գործընթացը կամ պետության կողմից տրված ընդերքօգտագործման իրավունքը, ըստ այս նախագծի, նրանց քայլերը կդիտարկվեն որպես գործողություն պետական քաղաքականության դեմ։ Նախագիծն ունի չորս տարվա հետադարձ ուժ, հետևաբար տարածվում է նաև Ամուլսարի ծրագրի վրա։ Այսինքն՝ քաղաքացիական ակցիաները փորձում են օրենքի ուժով դարձնել անիմաստ»,- մտահոգություն հայտնեց իրավապաշտպանը։
ՀԿ ներկայացուցիչի խոսքով, շարունակելու են պայքայրն այս օրենքի նախագծի ընդունման դեմ՝ հասցնելով նաև միջազգային կառույցներին։
Հիշեցնենք նաև, որ 40-ից ավելի ՀԿ-ներ դիմել են ՀՀ նախագահին՝ պահանջով նշված օրենքի ընդունման դեպքում չստորագրել այն։
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարարը պնդեց՝ վերացրել են ՀԿ-ների նշած Ընդերքի օրենսգրքի նախագիծը հետ կանչելու պահանջի հիմքերը
- Սահմանափակվել է ազդակիր համայնքի բնակչության ձայնը լսելի դարձնելու իրավունքը․ Օլեգ Դուլգարյան
- Խայտառակություն է, քանի ուշ չէ պետք է հրաժարվել նման մոտեցումից․ Օլեգ Դուլգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան