Աղքատություն, արտագաղթ Թուրքիայի արևելյան շրջաններում
Թուրքիայում գների աճի պայմաններում երկրի ամենաաղքատ արևելյան շրջանների բնակիչների կյանքը շատ ծանր է: Շատերը էթնիկ քրդեր են, որոնք երկար ժամանակ Անկարային մեղադրում են խտրականության մեջ: Այս պայմաններում այստեղ աճում է անօրինական արտագաղթը դեպի ԱՄՆ։
«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ Արևելյան Թուրքիայի լեռներում գտնվող Աղջաշար գյուղում արական սեռի բնակչությունը արագորեն պակասում է:
Այստեղ կյանքը դժվար է: Կենդանական չոր գոմաղբը օգտագործվում է տաքացման և կերակուր պատրաստելու համար։ Շատ տներ զրկված են ջրային համակարգից:
«Մեր բոլոր ընկերները գնացել են, ոմանք վաճառել են իրենց անասունները, վաճառել են իրենց հողերը, իսկ մեծ մասը՝ հեռացել: Այստեղ միայն ես եմ մնացել իմ երկու-երեք ընկերների հետ: Մենք չենք կարող հեռանալ, քանի որ դրա համար չունենք միջոցներ: Նրանք, ովքեր փող ունեին, հեռացան Ամերիկա՝ այնտեղ աշխատելու համար»,- ասել է Աղջաշարի բնակիչ Բուրհան Օզդեմիրը։
Աղջաշարը առերեսվում է երիտասարդ և միջին տարիքի տղամարդկանց արտագաղթի հետ՝ պայմանավորված գործազրկությամբ, եւ Ամերիկայում առկա հնարավորություններով: Դրան նպաստում են նաև ԱՄՆ անօրինական ներգաղթով զբաղվող խմբավորումները, որոնք վերջերս են տեղափոխվել գյուղ:
Համալսարանի ուսանող Օմերը, ով չի ցանկացել հայտնել իր ազգանունը, պատրաստվում է մեկնել ԱՄՆ։
«Ուզում եմ գնալ Ամերիկա, որովհետև եթե անգամ ուսումս ավարտեմ ու մասնագիտություն ստանամ, լավ աշխատավարձ չեմ ունենա։ Այստեղ աշխատավարձը ամսական երեք հարյուր դոլար է, իսկ այնտեղ՝ երեք հազար։ Եղբայրս վերջերս գնաց Ամերիկա, ասում է, որ այնտեղ ազատ է, և ամեն ինչ լավ է։ Նա կաշխատի, ինձ փող կուղարկի, ես էլ կգնամ»,- պատմել է նա։
ԱՄՆ անօրինական ներգաղթող զբաղվող խմբերը լեռնային գյուղեր են տեղափոխվել Իրանի սահմանի մոտ գտնվող մերձակա Ագրի նահանգից, որը Թուրքիայի ամենաաղքատ շրջաններից է:
Պաշտոնական թվեր չկան, բայց ըստ որոշ գնահատականների, վերջին տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են Ագրիից Միացյալ Նահանգներ և Կանադա: Ապրիլին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 61 տոկոսի, իսկ աշխատավարձը չի ապահովում աճի նման տեմպեր։
«Մսավաճառները թանկացրել են միսը, հացթուխները՝ հացը: Աղքատները չեն կարողանում ապրուստի միջոցներ հայթայթել»,- ասել է Ագրի բնակիչ Հաջի Հալիսը:
Տեղացիները «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են, որ անօրինական ներգաղթող զբաղվողները սովորաբար գանձում են մոտ 15 հազար դոլար և ներգաղթյալների համար գնում ավտոբուսի տոմս դեպի Անկարա կամ Ստամբուլ և չվերթ` դեպի Մեքսիկա:
Նրանք այնուհետև հատում են սահմանը դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ նրանց մեծ մասը կալանավորվում է, քանի դեռ սպասում են ապաստանի հայցերին:
Քուրդ գաղթականները հաճախ են նշում Թուրքիայում իրականացվող հալածանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան