Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
«Ժամն է գործելու, որովհետև և Արցախը, և Հայաստանը, ողջ հայ ժողովորդը այժմ գտնվում են խիստ ճգնաժամային, խիստ օրհասական փուլում»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունները հրաարակային բացել են խաղաքարտերը, ինչ մտածում էին, այն էլ ասել են՝ Արցախը հանձնում են, իրենց բարեկամ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային նկրտումները բավարարման են պատրաստվում, կարող էին պատերազմ թույլ չտային, բայց թույլ տվեցին, հազարավոր հայորդիներ զոհվեցին, ասում են՝ Հայաստանից կան տարածքները, որոնք վերադարձվելու են Ադրբեջանին։
«Ժողովուրդ ջան, մենք էլ ինչի՞ ենք սպասում։ Սա կոչ է։ Ով մտածում է, որ կարող է մի բան փոխել, ինքը պետք է գա այստեղ։ Եթե չեք գալիս, մի խումբ բախտախնդիրներ են որոշում Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։
Եկեք իրար հետ որոշենք, տեր կանգնենք Արցախին, տեր կանգնենք Հայաստանին, տեր կանգնենք մեր հայրենիքին։ Սա է այս ակցիայի նպատակը, կոչը»,- ասաց Խ.Գալստյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը 30 տարվա մեր ազգային ազատագրական պայքարի, հայ ժողովրդի ընդհանուր բոլոր արժեքները հարվածի տակ են դնում։
Հիշեցնենք, որ այսօրվանից «Հայրենիք» կուսակցության անդամները` կուսակցության ղեկավարի առաջնորդությամբ Ազատության հրապարակում են, ասում են՝ «մենք տուն չենք գնալու մինչև չհասնենք մեր նպատակին»։
«Այս գործողության խնդիրն է՝ լինելով առավելագույնս հասանելի՝ յուրաքանչյուր քաղաքացու բացատրել իրավիճակը, հնարավորինս հասկանալի ազդարարել մոտալուտ անդառնալի աղետի զանգերը, կոչ անել, օրինակ ծառայել՝ միավորվելու և գործելու։
Մեզ համար չկան բաժանարար գծեր։ Մեզ համար կա մեկ օրակարգ՝ պահպանել մեր հայրենիքը, կանգնեցնել պարտության անիվը, ինչի համար մեզ կամք ու միասնականություն է պետք։ Մենք այլևս այլընտրանք չունենք։
Այսօր մեր սկսած պայքարը կարող է և պետք է դառնա համաժողովրդական։ Սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է՝ արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Եկե՛ք Ազատության հրապարակ։ Եկե՛ք ընտանիքներով, ընկերներով, հարազատներով, եկե՛ք ձեզ հարմար ցանկացած ժամի։ Եկե՛ք՝ անկախ ձեր քաղաքական հայացքներից, եկե՛ք՝ հանուն մեր այսօրվա ու վաղվա, հանուն մեր զավակների ու մեր սերունդների ապագայի։
Մենք սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արի Ազատության հրապարակ. Արսեն Բաբայան
- «Հայրենիք». Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին