Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
Բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակակն գործիչներ հետևելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կոչին՝ գնացել են Ազատության հրապարակ՝ միասին քննարկելու, որոշելու երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղիները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրության զգալի մասն արդեն արթուն է, գիտակցում է այս ընթացքի կործանարար լինելը։
«Պարոն Վանեցյանի այս քայլը վկայում է նրա մարդկային որակների, ազգային պետական մտածողություն ունենալու մասին։ Այսօրվա իր քայլը պետք է օրինակ լինի շատերի համար։ Կուզեի, որ նման գեներալները շատ լինեին։ Վստահ եմ, առաջիկա օրերին բազմաթիվ ուղղություններով, բազմաթիվ խմբերի, անձանց, անհատների այսօրինակ քայլերը բերելու են համընդհանուր ընդվզման և հնարավոր է լինելու լուծել մեր թիվ մեկ խնդիրը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ա. Վարդանյանի խոսքով, արհավիրքը, ավերածությունը չափազանց շատ է, չափազանց վտանգավոր հանգրվան է, մեծ դժվարություններ են սպասվում ապագա իշխանությանը. «Բայց վստահ եմ, որ այդ իշխանությունը լինելու է պրոֆեսիոնալ, ազգային-պետական մտածողություն ունեցող, մտածված ու կազմակերպված աշխատանքով կարողանալու ենք վերականգնել մեր արժանապատվությունը»։
Հիշեցնենք, որ այսօրվանից «Հայրենիք» կուսակցության անդամները` կուսակցության ղեկավարի առաջնորդությամբ Ազատության հրապարակում են, ասում են՝ «մենք տուն չենք գնալու մինչև չհասնենք մեր նպատակին»։
«Այս գործողության խնդիրն է՝ լինելով առավելագույնս հասանելի՝ յուրաքանչյուր քաղաքացու բացատրել իրավիճակը, հնարավորինս հասկանալի ազդարարել մոտալուտ անդառնալի աղետի զանգերը, կոչ անել, օրինակ ծառայել՝ միավորվելու և գործելու։
Մեզ համար չկան բաժանարար գծեր։ Մեզ համար կա մեկ օրակարգ՝ պահպանել մեր հայրենիքը, կանգնեցնել պարտության անիվը, ինչի համար մեզ կամք ու միասնականություն է պետք։ Մենք այլևս այլընտրանք չունենք։
Այսօր մեր սկսած պայքարը կարող է և պետք է դառնա համաժողովրդական։ Սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է՝ արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Եկե՛ք Ազատության հրապարակ։ Եկե՛ք ընտանիքներով, ընկերներով, հարազատներով, եկե՛ք ձեզ հարմար ցանկացած ժամի։ Եկե՛ք՝ անկախ ձեր քաղաքական հայացքներից, եկե՛ք՝ հանուն մեր այսօրվա ու վաղվա, հանուն մեր զավակների ու մեր սերունդների ապագայի։
Մենք սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
- Արի Ազատության հրապարակ. Արսեն Բաբայան
- «Հայրենիք». Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա