Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
«Այս իշխանությունը ողջ ընթացքում խաբելով, վախեցնելով՝ բերել ու մարդկանց հասցրել են այն վիճակին, որ արդեն ոչ թե մենակ Արցախի համար ենք պայքարում, այլ նաև Հայաստանի, Հայաստանի գյուղերի համար»,- Ազատության հրապարակում քաղաքացիների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, այս հարցն այնքան գլոբալ է, որ մարդկանց վատ սոցիալական վիճակի մասին ուղղակի չեն էլ կարողանում խոսել, թեև տեսնում են, որ ամեն օր թանկացումներ են լինում, մարդիկ ամենօրյա ռեժիմով ավելի վատ են սկսում ապրել։
«Ես եկել եմ այստեղ, նստեմ, չգնամ այլևս տուն, խորհրդարան, աշխատավայր, որևէ տեղ չգնամ։ Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը։ Որևէ մեկին չեմ ասել, եկել եմ մենակ, հայտարարություն եմ արել, մարդիկ գալիս են, արդեն ահագին մարդ է հավաքվել։ Կգան, կհավաքվենք, կհասկանանք, ոնց ենք կարողանում այս ամեն ինչից դուրս գալ»,- նշեց Ա. Վանեցյանը։
Նա ասաց, որ մարդիկ ընդհանուր դժգոհ են, սակայն սպասում են երկնքից մեկը գա ու փոխի իրավիճակը։
«Չի լինելու, ինձնից, ձեզնից, նրանից է կախված, յուրաքանչյուրից։ Եթե յուրաքանչյուրս մեր մեջ համոզված եղավ, որ պետք է կպնենք ու վերջնական հարցը լուծենք, պահպանեք մեր երկիրը, հայկակականությունը, հավատացեք, լինելու է։ Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա, պետք է աշխատել մարդկանց հետ, բացատրել, խոսել ու հասնել մեր նպատակին։
«Իսկ մեր նպատակը շատ պարզ է՝ ունենալ հզոր, անվտանգ Հայաստան և Արցախ»,- ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
- Արի Ազատության հրապարակ. Արսեն Բաբայան
- «Հայրենիք». Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա