Տոնոյան. Կարողանալու ենք լիարժեք ոտի կանգնել և գտնել մեր հպարտությունը
«Չգիտեմ՝ կա՞ մի հայ, որ մտահոգություն չունենա։ Մտահոգություններն են մեզ բերել այստեղ։ Ելքեր ենք փնտրում, և ես վստահ եմ, որ ժողովրդի օգնությամբ ելք գտնելու ենք»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական գործիչ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը։
Նա համոզված է՝ տարիների դժվար աշխատանքից հետո Հայաստանը դուրս է գալու այս իրավիճակից։
«Կարողանալու ենք լիարժեք ոտի կանգնել և գտնել մեր հպարտությունը, մեր հողում ազատ ապրելու իրավունքը։ Երկարատև աշխատանք է պետք, պայքար է պետք, հոգնել չպետք է լինի»,-ասաց Տոնոյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին հայտարարությունը, ռազնական բժիշկն ասաց՝ թշնամին մի նպատակ ունի, իր ճանապարհին չլինեն Արցախն ու Հայաստանը։
«Արցախը մեր վահանն է, չպետք է ժողովրդին հուսահատեցնել, թե մեծ պետությունները որոշել են, որ այսպես լինի։ Ես դրան չեմ հավատում, հիմքեր ունեմ չչհավատալու, բազմաթիվ անգամ ստեր ենք լսել։ Մենք պետք է ուժեղանանք»,-ասաց նա։