Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է
«Քաղաքացին է հասկացել, որ այլևս այսպես չի կարելի։ Քաղաքացին է պահանջում ընդդիմադիր ուժերից գործողությունների դիմել»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչն ասաց՝ Ազատության հրապարակում նրան մոտենում են քաղաքացիներ, խնդրում ինչ-որ բան ձեռնարկել իշխանություններին հեռացնելու համար։
Նրա խոսքով, միայն Հայաստանի քաղաքացին իր ցանկությամբ ու պայքարով կարող է այս իշխանություններին ստիպել հեռանալ։
«Միայն ՀՀ քաղաքացին կարող է ստիպել, ուրիշ ոչ մեկ։ Աստված չանի, որ որևէ արտաքին ուժ, ինչքան էլ չսիրենք այս իշխանություններին, կարողանա ստիպել, որ այս իշխանությունները հեռանան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, միայն հայ մարդը կարող է ստիպել, որ այս իշխանությունը գնա։ Եվ դրա մեկնարկը տրված է»,-ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունը հանուն Հայաստանի փրկության պետք է խոստովանի, որ ձախողել է ու հեռանա, գնա։
Վանեցյանը կրկնեց՝ չի հեռանալու Ազատության հրապարակից, կոչ արեց քաղաքացիներին գնալ հրապարակ, միանալ պայքարին։
«Այսօր ոչ ստանդարտ վիճակում եմ ներկայացրել այս մամուլի ասուլիսը, տեսնում եմ, որ շատ շատ եք այստեղ, տեսնում եմ, որ պահանջում եք կոնկրետ գործողություններ։ Կոնկրետ գործողությունների սկիզբը կախված է ձեզանից յուրաքանչյուրից, որ օրը, որ վայրկյանին դուք պատրաստ եղաք, գնալու ենք առաջ, հանուն հայրենիքի պատրաստ ենք զոհել մեր կյանքը։ Չեմ գնալու այստեղից, մինչև չհասնենք մեր նպատակին։ Լավ եղեք, պինդ եղեք, խնդրում եմ բոլորիդ, միացեք մեր պայքարին, եկեք Ազատության հրապարակ, գնացեք ձեր քաղաքաների հրապարակ, և մենք անպայման հասնելու ենք մեր նպատակին. ունենալու ենք Հայաստանի հզոր հանրապետություն, Արցախի հզոր հանրապետություն, լավ ապրող քաղաքացի։ Լավ եղեք»,-ասուլիսն այսպես եզրափակեց Վանեցյանը։
Հավաքվածներն ի պատասխան բարձ ծափահարեցին ու վանկարկեցին՝ «Նիկոլ, դավաճան»։
Հարակից հրապարակումներ`
- Մանդատը վայր դնել կամ չդնելը տեխնիկական հարց է․ Արթուր Վանեցյան
- Ժամանակ չկա, պետք է գործենք․ Արթուր Վանեցյանի ասուլիսը