Զոհվածների ծնողներ. Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին հնչեցրած հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք էր
«Մենք ամբողջությամբ համոզված էինք, որ մեր որդիների սպանվելու հարցում Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը կար»,-դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ցորի զորամասի զոհված ժամկետային զինծառայողի հայրը՝ Եղիշե Զաքունցը։
Զոհվածի հայրը նշեց՝ Փաշինյանն իր բերանով հայտարարեց, որ պատերազմը կանխել կարող էին, տարբերությունը կլիներ զոհեր չունենալը։
«Մեր երեխաների զոհվելու համար մենք դիմել ենք դատախազություն, քրեական գործ կա հարուցված։ Մինչև այսօր գործը քննվում է, գիտեք, Գևորգ Գևորգյանը կալանավորված է, նախաքննական աշխատանք է տարվում Ջալալ Հարությունյանի ու մյուսների նկատմամբ»,-ասաց նա։
Զոհվածի հայրն ասաց՝ գոհ չեն գործի քննությունից, դժգոհ են, որ գործի քննությունը հանձնել էին Սյունիքի դատարանին, այն պարագայում, երբ զոհվածներից որևէ մեկը Սյունիքից չէ։ Փաստաբանի օգնությամբ կարողացել են գործը տեղափոխել Երևան։
Զոհված զինծառառայող Հայկ Մելիքյանի հարազատը՝ Անահիտ Մանասյանը պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված, հաշմված զինծառայողների հարազատնեին հորդորեց միանալ դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը։
«Թող շատ ծնողներ միանան, ճնշում իրականացնենք, որպեսզի վարույթ իրականացվի, մեղավորները պատժվեն։ Մենք ակնկալում ենք, որ դատախազությունը գործին ընթացք կտա, պատժվողներ կլինեն։ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին հնչեցրած հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք էր։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս հաղորդմանը ընթացք տրվի, մեղավորներն օրենքով սահմանված կարգով պատժվեն»,-ասաց Մանասյանը։
Եղիշե Զաքունցն էլ ընդգծեց՝ հետևողական են լինելու, որպեսզի դատախազությունը հետամուտ լինի հաղորդմանը։
«Անսպասելին այն էր, որ Փաշինյանն ինքն այդ մասին հայտարարեց»,-ասաց Զաքունցը։