Զոհված զինծառայողների հարազատները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին դատախազություն
Արցախի Ցոր զորամասի Դ20 հրետանային դիվիզիոնի զոհված ժամկետային ու պահեստազորային զինծառայողների հարազատներն գլխավոր դատախազության դիմաց են։
Զոհված Հայկ Մելիքյանի հարազատը՝ Անահիտ Մանասյանն ասաց՝ այստեղ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար։
«Մեր որդիները զոհվել են 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տարածքում հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։ 2022 թ. ապրիլի 13-ին ԱԺ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսել են իրականացվել Նիկոլ Փաշինյանի դրդչությամբ, ինչպես նաև նրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու արդյունքում»,-դատախազությանը հանձնվելիք հաղորդման տեքստից հատված ընթերցեց Մանասյանը։
Նա մեջբերել է ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Ինձ ասում են, կարո՞ղ էիք կանխել պատերազմը։ Այո, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի»։
Ըստ հաղորդման, նշված հայտարարությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը նախապես պատկերացնելով, կանխատեսելով պատերազմի հետևանքները, մարդկային կորուստները դիտավորությամբ չի կանխել պատերազմը, ավելին իր անգործությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելով, իր պարտականությունները չկատարելով դրդել է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծել պատերազմական գործողություններ, որի հետևանքով Արցախի ու Հայաստանի 3800-ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք զոհվել են, անհայտ կորել են 100-ից ավելի անձինք, գերեվարվել են 500-ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, հրազենային վիրավորումներ ստանալու հետևանքով հաշմանդամ են դարձել 11 հազար զինծառայողներ և քաղաքացիական անձինք, տեղի են ունեցել տարածքային կորուստներ։
«Այսինքն Նիկոլ Փաշինյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմեր։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՊԲ N զորամասի Դ20 հրետանային դիվիզիոնի զոհված ժամկետային, պահեստազորի զինծառայողների հարազատներս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդում և միջնորդում ենք փաստի առթիվ հարուցել քրեական գործ և իրականացնել նախաքննություն»,-հաղորդումն ընթերցեց Մանասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողները դատախազություն հաղորդում են տալու. Փաշինյանն է սպանել իրենց որդիներին
- Փաշինյան. Հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ
- Ցորի զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդները հետամուտ են լինելու՝ բոլոր մեղավորներն արժանի պատիժ ստանան. Պաշտպան
- Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի կողմից անգործություն ցուցաբերելու գործն ուղարկվել է դատարան