Հեռախոսային խարդախները whatsapp-ով կապ են հաստատում «List.am»-ի հայտարարատուների հետ
Խարդախության դեպքի մասին Panorama.am-ը քաղաքացուց նամակ է ստացել։
Վերջինս հայտնում է, որ «List.am»-ում հայտարարություն էր տեղադրել օգտագործված գորգը վաճառելու նպատակով։ Դրանից կարճ ժամանակ անց whatsapp-ի հավելվածով ռուսական +7 964 977 98 62 հեռախոսահամարից ռուսերենով հաղորդագրություն է ստացել, որում ասված է եղել, որ գորգը ցանկանում են գնել, բայց քանի որ բնակվում են Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում, ապա հարմար է, որ գնման գործարքը կատարվի «Հայփոստի» դրամական փոխանցման և վերջինիս առաքման ծառայությունների միջոցով:
Քաղաքացին հայտնում է, որ դրանից անմիջապես հետո ստացել է դրամական փոխանցում կատարելու՝ իբր «Հայփոստի» հավելվածը, որը սակայն հայկական տիրութի դոմեյնի վրա չի եղել, ինչն էլ հարուցել է նրա կասկածները:
Հավելվածով պահանջվում է ներբեռնել բանկային քարտի տվյալները, որպեսզի ապրանքի գումարն փոխանցվի քարտի հաշվին, սակայն հղումը լրացնելու հաջորդ իսկ քայլում կեղծ համակարգը պահանջել է բանկային քարտի այնպիսի տվյալներ, որոնք անհրաժեշտ են ոչ թե գումար ստանալու, այլ քարտից գումար վերցնելու համար:
Քաղաքացին չի լրացրել պահանջվող տվյալները, անմիջապես հաղորդագրություն է ուղարկել կեղծ «գնորդին»՝ փաստելով, որ կեղծ հավելված է ներկայացված: Դրանից հետո կեղծ «գնորդն» այլևս կապի դուրս չի եկել, այն դեպքում, երբ մինչ այդ ամենաուշը 1 րոպեի ընթացքում պատասխանել էր քաղաքացու բոլոր հաղորդագրություններին: Նույն պահին էլ whatsapp-ով ուղարկած հավելվածից անհետացել է քարտային հաշիվ պահանջող ներդիրը:
Քաղաքացու անուն-ազգանունը հայտնի է Panorama.am-ին, այն ուղղակի չենք հրապարակում։ Հիմնական նպատակը, որն ունի նա՝ զգուշացնել մյուսներին հեռախոսային խարդախների ակտիվացման նոր ալիքի մասին՝ հորդորելով ոչ մի դեպքում հեռախոսով կամ համակարգչով բանկային քարտի տվյալները չտրամադրել անծանոթներին և դրանք չլրացնել կասկածելի հարթակներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան