Փորձում-փորձում եք՝ ինչ-որ չի փորձվում, չի լինում. Հրաչյա Սարգսյանը՝ մետրոպոլիտենի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, զեկուցելով հերթական հանձնարարականը, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավար Գևորգ Ավետիսյանը հայտնեց, որ վճարային նոր համակարգի ներդրման մրցույթի և գնման գործընթացի հետ կապված որոշակի հարցեր են առաջացել, կճշտի և օրվա ընթացքում կներկայացնի քաղաքապետին:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ցանկացավ իմանալ, թե կոնկրետ ինչին է վերաբերում խնդիրը և հիշեցրեց, որ այդ հարցն արդեն երեք շաբաթ է քննարկում են գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, բայց արդյունք չկա:
Մետրոպոլիտենի տնօրենը ստույգ պատասխան չտվեց:
«Պարո՛ն Ավետիսյան ջան, երկու հարց ունեք հանձնարարականով, եթե ես ձեր տեղը լինեի գործակարգավարականին գալուց առաջ մանրամասն կտեղեկանայի, թե ինչ խնդիրներ կան»,-մետրոպոլիտենի տնօրենին դիմեց Երևանի քաղաքապետը:
Գևորգ Ավետիսյանն ասաց, որ հանձնարարել է ստորաբաժանումներին և ճշտելուց հետո գնման գործընթացը կսկսեն:
Քաղաքապետը հակադարձեց. «Երեք շաբաթ է ես էլ եմ հանձարարել, բայց ոչ մի բան չի արվում: Տենց որ պռոստը հանձնարարեմ և հանձնարարականները կատարվի՝ ամեն ինչ իդեալական կլինի»:
Նա հետաքրքրվեց, թե ինչ կոնկրետ խնդիր կա:
Ավետիսյանը հայտնեց, որ մետրոպոլիտենի համապատասխան ստորաբաժանումները կարծիք պետք է հայտնեն և վստահեցրեց, որ շաբաթվա ընթացքում անպայման կպատասխանի:
Հրաչյա Սարգսյանն էլ ավելացրեց, որ հարցն առաջնահերթ է և վաղն անպայման կարծիք հայտնեն, Գևորգ Ավետիսյանն ի պատասխանն ասաց՝ կփորձի:
«Փորձում-փորձում եք՝ ինչ-որ չի փորձվում, չի լինում, առաջ չի գնում»,- հայտնեց քաղաքապետը և եզրակացրեց, որ մետրոպոլիտենում խնդիր կա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան