Թուրքիայում վերջին 1 տարվա ընթացքում գնաճը կազմել է 61%
Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության 2022-ի մարտի տվյալների՝ վերջին 1 տարվա գնաճը կազմել է 61%, ինչը գրեթե 10 անգամ բարձր է Եվրոպայում նույն ժամանակահատվածում գրանցված 6.2% գնաճից: Իսկ ոչ պաշտոնական կազմակերպությունները տարեկան գնաճը Թուրքիայում գնահատում են մինչև 142%:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնաճի հիմնական պատճառներից մեկը համարել էր միջազգային շուկայում առկա գնաճը, իսկ Թուրքիայում գնաճի ավելի բարձր տեմպերը պատճառաբանել սեզոնային գնաճի առկայությամբ:
Էրդողանի այս հայտարարությանն անդրադարձած թուրք պրոֆեսոր, տնտեսագետ Վեյսել Ուլուսոյը նշել է, որ գնաճը չի կարող սեզոնային լինել, քանի որ համեմատությունը կատարվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածը: Ըստ Ոլուսոյի՝ Թուրքիայում գնաճի ամենաառաջին պատճառն ազգային արժույթի՝ թուրքական լիրայի արժեզրկումն է:
Թուրքիայի կենտրոնական բանկի նախկին նախագահ Դուրմուշ Յըլմազն էլ տեսակետ է հայտնել, որ երկրում գնաճի ընդամենը ⅓-ն է կապված արտաքին գնաճի հետ, մնացած ⅔ -ը կապված է իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետ: Վերջինս նույնպես անհիմն է համարել սեզոնային գնաճի մասին Էրդողանի հայտարարությունները: