2020թ․ պարտությունը Վահանը խելագարության աստիճան ծանր էր տանում․ Իշխանյանը՝ եղբոր մասին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով եղբոր՝ Վահան Իշխանյանի կորստին։ Նա , մասնավորապես, գրել է․
«Առավոտյան իմանալով եղբորս՝ Վահանի մահվան գույժը, ցնցվեցի․․․Երկար ժամանակ անբուժելի հիվանդությունը քայքայել էր նրան, բայց հրաշքի էինք սպասում։
Տեսնելով անկեղծ ցավակցական խոսքեր, մի փոքր ուշքի գալով, որոշեցի եղբորս հիշատակին ես նույնպես երկու խոսք ասեմ։
Վահանը մեր տան կրտսերն էր, ինձնից 9 տարի փոքր։Փոքր տարիքից նա աչքի էր ընկնում, ոչ այնքան երեխայի չարությամբ, որքան բուռն, ապստամբ ոգով, բոլորին և ամեն ինչին հակադրվելով։ Դպրոցի ցածր դասարանում, ուսուցչուհին բողոքել էր մորս։
Ուսուցչուհին եղբորս ոտքի է կանգնեցրել և պահանջել նախադասություն կազմել, ինչ-ինչ տարրերով։ Վահանը պատասխանել էր․
-Անկարգ աշակերտը գնաց զուգարան։
Հայկական ավանդական ընտանիքում թերևս անհասկանալի է, բայց կյանքումս ամենաշատ անհամաձայնություններ և վեճեր ունեցել եմ Վահանի հետ։ Նրա համար չկային անվերապահ հեղինակություններ, ընդվզում և կոտրում էր բոլոր կարծրատիպերը։
Վահանն իր ողջ կյանքում չհարմարվեց ոչնչի։ Լինելով տաղանդավոր լրագրող,ուր ընդունվում էր աշխատանքի, կարճ ժամանակ անց չհամակերպվելով տիրող հարմարվողականության և անարդարության հետ, գժտվում, հեռանում էր։
2020թ․ պարտությունը Վահանը խելագարության աստիճան ծանր էր տանում։ Մեր վերջին բոլոր խոսակցություններում անհամբեր լավ լուրերի էր սպասում։
Ծանր է կորուստը։
Շնորհակալ եմ բոլորին, ցավակցությունների համար»։
... Ավելի վաղ հայտնել ենք,որ երկարատև հիվանդությունից հետո 58 տարեկանում կյանքից հեռացել է լրագրող, գրող Վահան Իշխանյանը։
Վահան Իշխանյանը աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում: Համախոհների հետ հիմնադրել է Ինքնագիր գրական ակումբը:
Նրա հեղինակա գրքերն են «Ռուսուլմանի նոթեր» 2017, «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014, «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014, «Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010, «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի