Դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգի սահմանմանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, անցավ ապացույցների հետազոտման կարգի սահմանմանը՝ առանց քննարկելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռևս նախորդ դատական նիստին Դանիբեկյանը տեղեկացրել է, որ դատարանն ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարանն անընդհատ հետաձգում է այս միջնորդության քննարկումը և խնդրեց դա անել հիմա։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն, իր հերթին, հիշեցրել է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին։
Նախագահող դատավորը խոստացավ այսօրվա նիստին քննարկել այդ միջնորդությունները և պնդեց, որ անցնում է ապացույցների հեռազոտման կարգը սահմանելուն։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առաջարկել է սահմանել ապացույցների հեռազոտման հետևյալ կարգը․ նախ՝ հետազոտել քրգործում առկա փաստաթղթերը, այնուհետև իրեղեն ապացույց ճանաչված հանգամանքները, դրանից հետո անցնել վկաների հարցաքննությանը և ամփոփել ապացույցների հետազոտումը ամբաստանյալների հարցաքննությամբ։ Դատախազն առաջարկեց սկզբից հարցաքննել Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։ Նաև դատախազությունը պատրաստվում է միջնորդել միջոցներ ձեռնարկել հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին հարցաքննելու համար։
Արամ Օրբելյանը խնդրեց պարզաբանել՝ ինչ դատավարական գործընթացով է դատարանը հրաժարվում ապացույցներից։ «Քրեական գործի մեջ կա ավելի քան 100 հատոր նյութ, որի մեծ մասն ապացույցներ են, կա դատակոչի մեծ ցուցակ, իսկ դատախազն, ըստ էության, հրաժարվում է այդ ապացույցներից», - ասել է պաշտպանը։
Ըստ նրա՝ ցուցակի մեջ պետք է նաև ավելացնել դատավարական փաստաթղթերի ուսումնասիրլը։
Օրբելյանը նաև առաջարկել է Սիլվա Համբարձումյանին հարցաքննել ամենավերջում, ընդ որում՝ նույն օրը միաժամանակ ուսումնասիրել իր գրավոր ցուցմունքները։