Ուկրաինայի հակամարտությունն ու եգիպտացորենի ռեկորդային թանկացումը
Չիկագոյում եգիպտացորենի ֆյուչերսները գրեթե մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ գերազանցել են մեկ բուշելի (38,6 կգ քաշով տուփ) դիմաց 8 դոլարը: Արժեքը ռեկորդային մակարդակի է մոտեցել Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, որոնք սպառնում են խաթարել մատակարարումները և մեծացնել ԱՄՆ-ից հացահատիկի պահանջարկը, գրում է «Լենտա»-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Ուկրաինայի հակամարտությունը խաթարել է մատակարարման շղթաները մի տարածաշրջանում, որը կազմում է բերքի արտահանման մեկ հինգերորդը: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի գործողությունները կարող են նաև շարքից հանել ուկրաինական ցանքատարածությունը՝ զգալիորեն նվազեցնելով մատակարարումը, իսկ ԱՄՆ արտադրանքը կարող է թանկանալ պարարտանյութերի գների կտրուկ աճի և պահանջարկի ավելացման պատճառով։
Նշվում է նաև, որ եգիպտացորենի գները չեն բարձրացել մինչև 8 դոլար 2012 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ ԱՄՆ-ի միջին-արևմտյան նահանգներում բերքը ոչնչացվեց ավերիչ երաշտի և շոգի պատճառով: Ներկայումս ֆյուչերսները մոտենում են պատմական առավելագույնին՝ 8,49 դոլար մեկ բուշելի դիմաց:
«Մարդիկ նույնպես ուշադիր հետևում են չինական տնտեսությանը, արգելափակումներին և ապրանքների, հատկապես եգիպտացորենի պահանջարկին», - երկուշաբթի հայտարարել է Total Farm Marketing-ի շուկայի ավագ խորհրդատու Նաոմի Բլոմը:
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայում էլ եգիպտացորենի հաջորդ բերքի ծավալը նախորդ տարվա համեմատ կարող է նվազել գրեթե 40 տոկոսով։