Panorama.am-ի ստացած խարդախության ահազանգի դեպքով զգուշանալու հերթական հորդորն է հնչեցվել ՀայՓոստից
Panorama.am-ը քաղաքացուց նամակ էր ստացել, որով վերջինս ահազանգել էր՝ «List.am»-ում իր տեղադրած ապրանքի կեղծ գնորդը փորձել էր «ՀայՓոստ»-ի դրամական փոխանցման և վերջինիս առաքման ծառայությունների անվան տակ խարդախությամբ տիրանալ իր բանկային քարտի տվյալներին:
Panorama.am-ը «ՀայՓոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման ահազանգերը շատ են և ի՞նչ է անում ընկերությունը խարդախության դեպքերից ՀՀ քաղաքացիներին հեռու պահելու համար:
«Մենք բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում չտրամադրել իրենց բանկային տվյալները, կասկածելի հղումներ ուղարկողներին և զանգերի հեղինակներին, այսինքն՝ խարդախներին: «ՀայՓոստ»-ը ժամանակ առ ժամանակ քաղաքացիներից ստանում է ահազանգեր նման խարդախությունների փորձերի և դեպքերի վերաբերյալ: Խարդախները փորձում են օգտվել «ՀայՓոստ»-ի, ինչպես նաև նմանատիպ այլ խոշոր կառույցների անուններից՝ նպատակ ունենալով մոլորության մեջ գցել քաղաքացիներին: Մենք միակը չենք աշխարհում, Հայաստանում և հնարավոր բոլոր հայտնի և մեծ կառույցների անունները շոշափվում են խարդախների կողմից: Պետք է խուսափել և ամեն դեպքում չպետք է տրամադրել անձնական բանկային տվյալները կասկածելի խողովակներով եկած առաջարկների դեպում»,-ասաց Գևորգ Աբրահամյանը:
Հարցին, թե խարդախության նման դեպքերին ինչ հակազդող քայլեր է արել ընկերությունը՝ մամուլի քարտուղարը պատասխանեց, որ «ՀայՓոստ»-ը ժամանակ առ ժամանակ իր պաշտոնական կայքով և ֆեյսբուքյան էջով հայտարարություններ է տարածում՝ զգուշացնելով նման խարդախությունների մասին:
«Խարդախները անընդհատ նոր միջոցներ են գտնում քաղաքացիներին խաբելու և նրանց բանկային տվյալներին տիրանալու համար: Սկբնական շրջանում փորձում էին ապրանք վաճառել և քաղաքացուց գումարը կորզելուց հետո անհետանում էին: Այնուհետև «ՀայՓոստ»-ի անունը շահարկելով քաղաքացիներին հաղորդագրություն էին ուղարկում կեղծ շահումների վերաբերյալ:
Վերջերս էլ խարդախները հաղորդագրություն էին ուղարկում և քաղաքացիներին առաջարկում գումար փոխանցել՝ իբր նրանց նամակը տուն հասցնելու համար: Նամակը քաղաքացուն հասցնելու համար պահանջվող գումարը շատ չնչին էր, բայց դրա միջոցով նրանք փորձում էին տիրանալ նրա բանկային տվյալներին:
Կրկնում եմ, որ խարդախներն անընդհատ նոր միջոցներ են փնտրում քաղաքացիներին խաբելու համար: Ուղղակի մարդիկ պետք է ուշադիր լինեն, որպեսզի միայն պաշտոնական աղբյուրների հետ գործարքներ անեն»,- հայտնեց «ՀայՓոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին