Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
Հացադուլից մեկ օր անց արցախյան երրորդ պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանի ու Նվեր Կիրակոսյանի ինքնազգացողությունը լավ է։
«Շտապ օգնության երեք բրիգադ երեք անգամ զննել են, ամեն ինչ նորմալ է։ Տրամադրությունը գերազանց է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նվեր Կիրակոսյանը, որ պատերազմի ժամանակ Եղնիկներում հրամանատար էր, իսկ հիմա աշխատում է ՏՏ ոլորտում, բարձր վարձատրվում։
Հացադուլի առաջին օրը ծայրահեղ քայլի դիմած տղաները դրական են գնահատում. ուշադրություն են հրավիրել խնդրի վրա, խոսել են մոտ քսան ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
«Ներկայացրեցինք, որ մեր գործը վերանձնային է, վերկուսակցական։ Ես և Արթուրն այս պահին ոչ թե անձեր ենք, այլ մտահոգության մարմնացում»,-ասաց Կիրակոսյանը։
Ինչո՞ւ են տղաներն այդ քայլին դիմել հենց այսօր ու հենց Ազատության հրապարակում։
«Մեր ռեակցիայի համար հիմք հանդիսացավ Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը։ Մենք կարող էինք մեր բողոքի ակցիան անցկացնել նաև Մատենադարանի դիմաց կամ մեկ այլ վայրում, որպեսզի չնույնականացնեն այս կամ այն ուժի հետ։ Բայց եկել է ժամանակը, որ պետք է վեր կանգնենք անձերից։ Եկել է պահը, որ կուսակցական դիրքորոշումներից ու այլ բաներից վեր կանգնենք, քանի որ գործ ունենք Արցախին, հայրենիքին սպառնացող վտանգի հետ»,-ասաց Նվերը։
Նրա խոսքով, անցած օրվա ընթացքում իրենց մոտեցել են բազմաթիվ քաղաքացիներ։
«Երբ եկանք այստեղ ես ու Արթուրը, մեզ հետ ունեցել ենք պայուսակներում հագուստ, երկու շիշ ջուր ու Արցախի դրոշը։ Բազմաթիվ մարդիկ մեզ տաք շորեր, քնապարկեր, ջուր... են տալիս, մեզ մոտենում են տատիկ-պապիկներ։ Նրանք հորդորում են դադարեցնել, բայց նրանց աչքերում լույս ենք տեսնում։ Մենք շարունակում ենք հացադուկը, մեր մեսիջը մնում է նույնը։ Դիմում ենք երիտասարդներին, անկախության սերնդի ներկայացուցիչներին, որ գան, կանգնեն այստեղ, կիսեն մտահոգությունը և պատրաստ լինեն այդ մտահոգությունների համատեքստում գործողություններ կատարել»,-ասաց Կիրակոսյանը։
Արթուր Ավագյանն էլ նշեց, երբ հետհայաց են գցում Ղարաբաղյան առաջին պատերազմին, լցվում են հպարտությամբ ու նախանձով այն անհատների նկատմամբ, որոնք կարողացել են հաղթանակ կերտել, Արցախ պահել։
«Անկախության սերունդը արցախյան շարժման ծնունդն է։ Հիմա մենք ասում ենք՝ անկախությունը նախ հոգեվիճակ է, որից բխում է կարգավիճակ։ Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշ բարձրացնի, իր դիրքորոշումը հայտնի այս ամեն ինչի մասին, քանի որ դեռ իր կարծիքը չի ասել։ Մենք ասում ենք, որ անկախության սերունդը պետք է ասի իր ծանրակշիռ խոսքը։ Մենք ասում են, տեսեք, ինչ է արվել Արցաը պահելու, Արցախ ունենալու համար, և տես՝ դու ինչ ես անում։ Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան