«5165» շարժումը սկսեց կարմիր ժապավենների երթը, որոնք խորհրդանշում են Հայաստանի և Արցախի կարմիր գծերը
«Արցախն ահազանգում է և Արցախի ժողովուրդը չի դիմում ՀՀ իշխանություններին, այլ դիմում է հայ ժողովրդին՝ կոչ անելով դուրս գալ միասնական պայքարի»,- «5165» շարժման ասուլիսում Ազատության հրապարակում հայտարարեց շարժման անդամ Էդգար Ղազարյանը:
Նա հայտնեց, որ այսօր եկել են Ազատության հրապարակ պայքարելու և այդտեղից կգնան միայն ակցիաներ, բողոքի գործողություններ իրականացնելու համար։
«Սա կարմիր ժապավեն է, սա իմ կարմիր գիծն է, որը նիկոլ Փաշինյանն անցել է բոլոր ոլորտներում»,- հայտարարեց Ղազարյանը և ցույց տվեց կարմիր ժապավենը, որը կապեց իր թևին:
Նա կոչ արեց, որ յուրաքանչյու քաղաքացի, ով դեմ է Նիկոլ Փաշինյանին, խանութից գնի կարմիր ժապավեն, կապի իր թևին և ամենուր՝ աշխատավայրում, կրթօջախներում քայլեն կամիր ժապավենները կապած:
Ղազարյանը հորդորեց նաև մեքենաների վրա էլ կարմիր ժապավեն կապել:
«Սրանով ասում ենք՝ Փաշինյան, դու անցել ես այս կարմիր գիծը, հեռացիր մեր կյանքից»,- ասաց Էդգար Ղազարյանը և հայտարարեց, որ սկսում են կարմիր ժապավենների երթ՝ բոլորին կոչ անելով միանալ ակցիայի մասնակիցներին և հավելեց, որ վաղն այդ ակցիան տեղի կունենա բոլոր ԲՈւՀ-երում և կրկին կվերադառնան Ազատության հրապարակ: