Արթուր Վանեցյան. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը երկրորդ գիշերն է լուսացրել Ազատության հրապարակում։
Ասում է՝ սադրանքների փորձեր, ուղղորդված մարդիկ եղել են, սակայն անարձագանք են մնացել։
«Սա բողոքի անժամկետ ակցիա է, որի նպատակն է մարդկանց իրազեկել, մարդկանց հետ դեմ դիմաց խոսել։ Այդ նպատակին ակցիան ծառայում է։ Շատ մարդ է գալիս։ Այս երկու օրվա ընթացքում ես բազմաթիվ քաղաքացիների հետ եմ խոսել, նրանց հուզող հարցերը լսել, պատասխանել։ Շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում։ Շատ նորություններ ես եմ նաև իմանամում։ Այստեղ գալիս են ոչ միայն ընդդիմադիրներ, այլև մարդիկ, որոնք դժգոհ են իշխանությունից, բայց չգիտեն՝ ինչ է պետք անել»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, իշխանությունների՝ տարիներ շարունակ հնչեցրած ստերի ու մանիպուլյացիաների հետևանքով շատ քաղաքացիներ մոլորված են, չգիտեն իրականությունը։
«Այս պայքարը հանուն մեր մեծ հայրենիքի է, հանուն Հայաստանի, հանուն Արցախի։ Որևէ ուրիշ նպատակ մեր պայքարը չի հետապնդում։ Մենք ասում ենք, որ այս իշխանությունները հետևողական կերպով բերել հասցրել են մի իրավիճակի, երբ ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ, հազարավոր զոհեր, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայություն։ Մենք տեսնում ենք, որ պարտվողական, զիջողական քաղաքականությունն այս իշխանությունները տանում են մինչև վերջ։ Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց։ Ես չեմ կարող հանգիստ լինել, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ այո, կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է նման բան ասել»,-ասաց պատգամավորը։
Վանեցյանն ասաց, անցած երկու օրվա ընթացքում ավելի քան երեք տասնյակ զոհերի, անհետ կորածների հարազատներ եկել են Ազատության հրապարակ, խոսել իր հետ, հիշեցրել են՝ նախկինում քննադատել են Վանեցյանին։
«Ասում են՝ մեզ ասել էին, որ ձեր բողոքի ակցիաներն են խանգարում մեր որդիներին գտնելու գործին»,-ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրենը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը գնահատում է որպես ինքնախոստովանական ցուցմունք, նշում, որ դա բավարար հիմք է քրեական գործ հարուցելու համար։
«Հավատացեք, ավելի մեղմ հայտարարությունների համար, որոնք չեն վերաբերում մարդկանց կյանքերին, երկրին, մարդկանց տանում են, ձերբակալում են ու դատում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ զոհված զինծառայողների հարազատները Փաշինյանի այդ հայտարարությունից հետո հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է
- Զոհվածների ծնողներ. Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին հնչեցրած հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք էր
- Զոհված զինծառայողների հարազատները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին դատախազություն
- Փաշինյան. Հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան