Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց թույլ տալ նրան մեկնել Ստրասբուրգ․ դատարանը համաձայնեց
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է թույլ տալ իր պաշտպանյալին ապրիլի 23-29-ը բացակայել երկրից։ Նա տեղեկացրել է, որ ապրիլի 25-28 Ստրասբուրգում կայանալու են ԵԽԽՎ լիագումար նիստերը, որին Արմեն Գևորգյանը պետք է մասնակցի։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ պաշտպանը դատարանին է ներկայացրել նաև ԱԺ-ի համապատասխան փաստաթղթերը։ Բացի այդ, Սահակյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել պաշտպանել Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ այս պահին անձեռնմխելիության հարց չի քննարկվում, և ԵԽԽՎ նախագահի նամակը որևէ առնչություն չունի ներկայացված միջնորդության հետ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միացել է միջնորդությանը, նշելով, որ միջազգային խորհրդարանական մարմինների աշխատանանքերին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։
«Ֆիզիկապես մասնակցելու հնարավորություն չտալը ևս մեկ անգամ կվերահաստատի իմ այն պնդումը, որ տեղաշարժի ազատության սահմանափակումն այլ նպատակներ ունի», - ասել է Օրբելյանը։
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատել է, որ ԵԽԽՎ նիստին կարելի է մասնակցել նաև հիբրիդային եղանակով, ինչին պաշտպան Սահակյանն արձագանքել է, որ հիբրիդային եղանակով Արմեն Գևորգյանը չի կարող հանդիպել որևէ պատվիրակի հետ։
Հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր, դատարանը վերջապես թույլ է տվել ընդդիմադիր պատգամավորին մեկնել Ստրասբուրգ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան