Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թիմին միանում են մեր երկրում գործող և աշխարհում հայտնի կազմակերպություններ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի ներքո ձևավորվել է պատվավոր խորհուրդ, որի նախագահն առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Team Telecom Armenia»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն է։
Պատվավոր խորհրդի ջանքերն ուղղված կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաջընթացին և հանրայնացմանը Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև հայ հասարակության կյանքում դասական երաժշտությանն առավել մեծ տեղ հատկացնելու ձգտումներին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նվագախմբի համար շատ կարևոր օր է, այս օրվան շատ են սպասել։ Նրա խոսքով, դասական երաժշտությունն առանցքային դեր ունի հանրության կյանքում. «Այն դաստիարակում է, կրթում, դրական լիցքեր հաղորդում։ Եվ շատ կարևոր է, որ բարձր արվեստի տարածման կարևորագույն գործին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թիմին միանում են նաև մեր երկրում գործունեություն ծավալող և աշխարհում հայտնի կազմակերպություններ, որոնք նաև իրենց ջանքերը կներդնեն հայկական կատարողական արվեստն ու կոմպոզիտորական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու գործում»։
Ս. Սմբատյանն ասաց, որ խոսելով բարձր տեխնոլոգիաների մասին, իրենց կյանքը փոխվեց Երևանում 2019 թվական հոկտեմբերի 6-ին կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի՝ WCIT, բացմանն ունեցած համերգով։
«Մենք բեմում էինք Ալեքսանդր Եսայանի գաղափարի շնորհիվ։ Այդ կոնցեպտուալ պատկերացումը, որ դասական երաժշտությունը, ակադեմիական արվեստը կարող է լինել ավելի ուժեղ ժամանակակից ոլորտի հետ, տեխնոլոգիաների օգնությամբ մենք ավելի լայն մասսաների կարող ենք հասնել, ապացույցը հենց այդ համերգն է»,- նշեց նա։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն ասաց, որ մեծ պատիվ է ազդարարել նման համագործակացության մասին, քանի որ այս նախաձեռնությանը միացել են ընկերություններ, որոնք մեծ հաջողությունների են հասել համաշխարհային շուկայում, և, իհարկե, նվագախումբն է մեծ հաջողությունների հասել միջազգային շուկայում։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, արվեստի զարգացման գործում կարևոր դեր են կատարել հովանավորներն ու արվեստասեր հասարակությունը: Այսօր ակնհայտ է մեր հասարակությունում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճը: Վստահ եմ՝ այս խորհրդի ձևավորումն ու դրա հետագա քայլերը կնպաստեն սիմֆոնիկ նվագախմբի համերգային աշխարհագրության ընդլայնմանը Հայաստանում և արտասահմանում: Հատկանշական է նաև, որ այս նախաձեռնությանն են միացել հայկական արմատներ ունեցող տեխնոլոգիական հսկաները, որոնք արդեն ունեն համաշխարհային ճանաչում։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս խորհրդի նախագահությունը»,- ասաց Ա. Եսայանը։
Նրա կարծիքով, այս համագործակցության հենց սկզբից կունենան էլ ավելի մեծ հաջողություններ, քանի որ համախմբում են իրենց ուժերը, կապերը, նաև ֆինանսական աջակցություն, որը պետք է նվագախմբի ծրագրերն ու տեսլականը շատ արագ ի կատար ածելու համար։
Ա. Եսայանն ասաց, որ ամենայն լրջությամբ ու ուրախությամբ լծվելու են այս գործին, որպեսզի կարողանան մեր դասական երաժշտությունը համաշխարհային շուկա նորովի, ավելի մեծ մեսիջներով հասցնել։
«Team Telecom Armenia»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հիշեցրեց, որ IT- նվագախմբի միջև առաջին համագործակցությունը եղել է WCIT-ի ժամանակ, որը մեծ արձագանք էր ստացել համաշխարհային շուկայում ևս, շատ տարբեր մեդիա հարթակներ առաջինն էին ազդարարել Հայաստանում արհեստական բանականությամբ հնչող երաժշտության մասին։
«Դա է նաև ոգևորել, որ էլ ավելի համախմբել ուժերը, էլ ավելի մեծ հաջողությունների հասնենք»,- նշեց նա։
Ա. Եսայանի խոսքով, կոնկրետ որևէ ծրագրի շուրջ չեն համախմբել, երկարատև համագործակցություն է։
Պատվավոր խորհրդի կազմում են «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը, «ServiceTitan»-ի նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) հիմնադիր, նախագահ Գարո Արմենը և «SADA»-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր։
Ասուլիսին ներկա «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանի խոսքով, երբ առաջին անգամ լսել են առաջարկի մասին, առանց երկմտելու համաձայնվել են, քանի որ կարևորում են դասական երաժշտությունը, այն երեխաների, երիտասարդության շրջանում ավելի հասանելի դարձնելը։
«Մեր պրոդուկտը, որի հիմքում ընկած է կրեատիվության հասանելիությունը, այստեղ նույնպես տեսնում ենք հնարավորություն այդ նույնն անել նվագախմբի ու դասական երաժշտության միջոցով, այսինքն հնարավորություն ենք տեսնում այդ ամենը որպես պրոդուկտ ներկայացնել աշխարհում»,- ասաց Մ. Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան