«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իր հեռանալուց առաջ երաշխիքնե՞ր է ստեղծում հենց իր համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Պետական համակարգում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:
Բացի այս, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կկատարվի, ըստ որի՝ պաշտոնաթող վարչապետներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով: ՀՀ պաշտոնաթող նախագահներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով: Բացի այս, պաշտոնաթող վարչապետին կտրամադրվի ավտոտրանսպորտ և, իր ցանկությամբ, կահավորված գրասենյակ:
Գրասենյակի գործունեության ապահովման համար կտրամադրվի ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, ֆինանսավորումն էլ կիրականացվի Կառավարության սահմանած կարգով: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնաթող վարչապետի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը կհատուցվեն պետական բյուջեի միջոցների հաշվին:
Նաև պաշտոնաթող վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, կնշանակվի հատուկ կենսաթոշակ` վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն իր հեռանալուց առաջ երաշխիքներ է ստեղծում հենց իր համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան