Բուլղարիայում երկու հայ բռնցքամարտիկ Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակչում են
Երկու հայ բռնցքամարտիկ դուրս են եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ՝ ընդ որում մեր երկու մարզիկներն էլ իրենց մրցակիցներին հաղթել են շատ վստահ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Նախ եզրափակիչի ուղեգիր նվաճեց 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը շատ գրագետ մենամարտ անկցացրեց Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին ու հաղթեց 5:0 հաշվով: Կիսաեզրափակիչում հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը մրցում էր Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավայի հետ: Վրացի մարզիկը ակտիվ սկսեց մենամարտը, բայց Էրիկը շատ վստահ մրցակցին դիմավորում էր հանդիպակած հարվածներով ու հավաքում անհրաժեշտ միավորներ:
Արդյունքում 5:0 հաշվով շատ տպավորիչ հաղթանակ: Հարկ է նշել, որ նախորդ 3 մենամարտերում Էրիկը մրցակիցներին հաղթել էր նոկաուտով: Եզրափակիչում նա կմրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արես Հակոբյանը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախի հետ: Այսօր երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը»,- ասվում է հաղորդագրությունում: