Խորհրդարանական լսումները չեն կայանա
Վաղը նախատեսված խորհրդարանական լսումները չեն կայանալու։ Panorama.am-ի ունեցած տեղեկությունները հաստատեցին ԱԺ-ից՝ նշելով, որ պատճառը տեխնիկական է։
Բանն այն է, որ ԱԺ-ում հրաժարվել են տրամադրել նիստերի դահլիճը լսումների համար։ ԱԺ-ից հիմնավորում են՝ սպասարկող անձնակազմն այդ օրերին լինելու է Ստեփանավան քաղաքում, որտեղ անցկացվելու է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։
«Ապրիլի 21-23-ը տեղի է ունենալու ՌԴ Դաշնային ժողովի ու Հայաստանի ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը Ստեփանավանում։ Դրանով պայամանավորված ողջ աշխատակազմը, այն մարդիկ, որոնք սպասարկելու են լսումները, Ստեփանավանում սպասարկելու են նիստը։ Դրանով պայմանավորված նրանք ապրիլի 21-23-ը լինելու են Ստեփանավանում, վաղը մեկնում են նախապատրաստական աշխատանքներ անելու համար, արդեն ուրբաթ օրը լինելու է նիստը»,-ասացին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուշագրավ է, որ արտագնա նիստի սպասարկման մասին ԱԺ-ում հիշում են լսումներից ժամեր առաջ, մնչդեռ միջխորհրդարանական նիստի անցկացման ժամկետի մասին հայտնի էր վաղուց։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: