«Ժողովուրդ». Պուտինին Երևան հրավիրելուց բացի, Փաշինյանը պատրաստվո՞ւմ է արդյոք այս անգամ նրան դիմավորել օդանավակայանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հունիսին Երևանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո հայտարարություն եղավ այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին պետք է այցելի Հայաստան հենց այդ նիստին մասնակցելու նպատակով:
Նշենք, որ վերջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան էր ժամանել 2019 թվականին՝ ԵԱՏՄ նիստին: Այդ ժամանակ լայն մեկնաբանման առարկա դարձավ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չէր գնացել և օդանավակայանում չէր դիմավորել Վլադիմիր Պուտինին: Նկատենք՝ երեկ էլ Փաշինյանին Մոսկվայում դիմավորել էր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Եվ մինչ ՀԱՊԿ նիստի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, սկսվել են կրկին քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյոք այս անգամ ՀՀ վարչապետը կդիմավորի ՌԴ նախագահին: Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Հայաստան:
Հավելենք, որ հանդիպումից հետո հինգ էջից բաղկացած հայտարարության տեքստ է տարածված, որտեղ անդրադարձ կա ղարաբաղյան հարցին, և ընդգծվում է այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան