Իրաքը դիվանագիտական նոտա է հղել Թուրքիային իր տարածք ներխուժելու կապակցությամբ
Իրաքը դիվանագիտական նոտա է հղել Թուրքիային։ Պատճառը թուրքական զինված ուժերի ներխուժումն է Իրաքի հյուսիս և այնտեղ ռազմական օպերացիա իրականացնելը, գրում է Էրմենիհաբերը։
Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռիզա Գյունեյը կանչվել է Իրաքի արտգործնախարարություն, որտեղ էլ նրան է հանձնվել «դիվանագիտական խիստ ձևակերպումներով» նոտան: Հաղորդվում է, որ դրանում Անկարայից պահանջվել է վերջ դնել սադրիչ գործողություններին ու Իրաքի տարածքային ամբողջականության անընդունելի խախտումներին:
Ըստ Բաղդադի՝ Թուրքիայի գործողություններն Իրաքում իրենց հետ նախապես համաձայնեցված չեն եղել: Թուրք դեսպանին հայտնել են, որ նման իրավիճակում Իրաքն ունի բոլոր իրավունքները՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ:
Ավելի վաղ էլ նմանատիպ հայտարարություն էր տարածել Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհը։ Նա թուրքական զինուժի ռազմագործողությունն անվանել էր Իրաքի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքստոցներ:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները: