Ադրբեջանն ինքը չի ցանկանում, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի․ Սեյրան Օհանյան
«Երկար ժամանակ է, որ առնչվում ենք Նիկոլ Փաշինյանի և իր Կառավարության ներկայացուցիչների հետ և տեսնում ենք, որ բավականին հակասական են և հայտարարությունները և գործողությունները»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ Փաշինյանի՝ Պուտինի հետ հանդիպումից հետո արված հակասական հայտարարությունները պետք է դիտարկել այդ համատեքստում։
«Իրենք Կառավարման համակարգում, արտաքին քաղաքականության , նաև անվտանգային համակարգում փորձի պակաս ունեն, դրա համար տարբեր հայտարարություններ են անում։ Ինձ համար սովորական է դարձել ,որ Նիկոլ Փաշինյանը միշտ հակասական հայտարարություններ է անում»,- նշեց Օհանյանը։
Նրա խոսքով ՝ հայ ժողովրդի զգալի մասի ցանկությունը նույնն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«2020 թ․-ի պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է հանցավոր գործունեությունը և սահմանների նկատմամբ ճնշումները։ Ադրբեջանն ինքը չի ցանկանում, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի, եթե ցանկանար իր գործողությունների մեջ կգնար խաղաղության։ Բայց խաղաղության քողի տակ անընդհատ շարունակում է իր ճնշումները Հայաստանի և Արցախի իշխանությունների վրա։ Մենք տեսնում ենք․ որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի միջազգային հանրության մաս կազմել և իր պատմական տարածքում ապրել»,- հայտարարեց Օհանյանը։