Տեսչական մարմինը տուգանել է համայնքի ընդդիմադիր ղեկավարին 200 հազար դրամով
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Հիշեցնենք, որ Համբարձումյանն ընդդիմադիր գործիչ է։
Տեսաչական մարմնից մանրմասնում են, որ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը ստուգում պետք է իրականացներ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փող., հ.16/1 հասցեում գործող առևտրի սրահի վերակառուցման և արդիականացման նկատմամբ։
Սակայն Մասիս համայնքի ղեկավարի կողմից չի կատարվել ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի «ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-ն որոշման պահանջը։
Դրա համաձայն՝ ավարտված շինարարությունը փաստագրող ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:
Բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների դեպքում հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան մասնագետներ: Միջին ռիսկայնության օբյեկտների դեպքում ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տարածքային բաժնի ներկայացուցիչը՝ բացառությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտների:
Այսինքն՝ Մասիս համայնքի ղեկավարը թույլ է տվել ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի խախտում, այն է՝ հանձնաժողովի կազմում չի ընդգրկել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցչի, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15711-րդ հոդվածով սահմանված է տուգանք։
Ուստի՝ հիմք ընդունելով վերոնշյալ խախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դ. Համբարձումյանին ենթարկել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան