Մարդկության պատմության մեջ ամենամեծ երկրաշարժի հետքերը հայտնաբերվել են Ատակամա անապատում
Անգլիայի Սաութհեմփթոնի համալսարանի երկրաբանները հայտնաբերել են հնագույն աղետի հետքեր, որոնք զգալիորեն ազդել են մարդկանց կյանքի ու բնակության վայրերի վրա: Խոսքը ՝ ներկայիս Չիլիի հյուսիսում 3800 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի մասին է։ Այս մասին գրում է Միր24-ը՝ հղում անելով Science Advances-ին:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 9,5 մագնիտուդ։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն եղել է ամենահզորը՝ մարդկության պատմության մեջ։ Առնվազն հազար տարի է պահանջվել, որպեսզի մարդիկ նորից վերադառնան տուժած տարածքներ:
Մինչ այժմ երբևէ գրանցված ամենամեծ երկրաշարժը 1960 թվականին Չիլիի հարավում տեղի ունեցած Վալդիվիայի երկրաշարժն էր, որը խլել է մոտ վեց հազար մարդու կյանք։ Այն առաջացել է 800 կմ երկարությամբ տեկտոնական շերտի բացվածքի պատճառով։
Հնագույն իրադարձությունը դասակարգվել է որպես մեգաերկրաշարժ՝ բնական աղետների ամենաավերիչ տեսակներից մեկը: Դրանք առաջանում են, երբ մի տեկտոնական շերտը բախվում է մյուսին։
Հետազոտություններ կատարելիս գիտնականները Ատակամա անապատում հայտնաբերել են հնագույն ծովային խեցիներ, քարեր և ծովային կյանքի մնացորդներ: Նրանք չափազանց հեռու էին ափից՝ ենթադրելու համար, որ իրենց այնտեղ կարող էր նետել սովորական փոթորիկը։
Գիտնականները նմուշները ենթարկել են ռադիոածխածնային թվագրման։ Արդյունքները ցույց են տվել, որ յոթ տարբեր վայրերից նստվածքների բեկորները, որոնք գտնվում են միմյանցից մինչև 6000 կիլոմետր հեռավորության վրա, ունեն նույն տարիքը՝ 3800 տարի:
Բացի այդ, հնագետները հայտնաբերել են հին քարե կառույցներ։ Նրանք ծածկված էին ցունամիից առաջացած նստվածքի շերտով, իսկ ոմանք ընկած էին հետ՝ դեպի ծովը։ «Մեր հնագիտական աշխատանքները ցույց են տվել, որ աղետը սոցիալական հսկայական ցնցումների պատճառ է դարձել: Համայնքները ցունամիից դուրս են տեղափոխվել ցամաքի տարածք»,- նշել են գիտական աշխատանքի հեղինակները։
Մոտ հազար տարի է պահանջվել, մինչև մարդիկ վերադարձել են ափ: Սա զարմանալիորեն երկար ժամանակ է՝ հաշվի առնելով, որ ծովը սննդի հիմնական աղբյուրներից էր։
Գիտնականները նշել են, որ նման ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ կանխատեսել ապագա աղետները։ Այսպիսով, երկար ժամանակ համարվում էր, որ Չիլիի հյուսիսը չի ենթարկվում հզոր երկրաշարժերի։ Սակայն հնագիտական նյութերը հակառակն են ապացուցել: Այժմ մարզը խիտ բնակեցված է և հանդիսանում է այցելուների զբոսաշրջային կենտրոն։ Բնական աղետների ռիսկերի թերագնահատումը կարող է հանգեցնել կործանարար հետևանքների, նշել են հետազոտողները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին